Welcome to The DEPOP Institute For Governance

Հայտարարություն մեր գործունեության վերաբերյալ

 ԴԻՐՔՈՐՈՇՄԱՆ ՀՈՒՇԱԳԻՐ

«ԴԵՊՈՊ  Կառավարման Ինստիտուտ» հասարակական կազմակերպություն

Հայացք՝ ուղղված ապագային

2013 թվականին Հայաստանում հետազոտական խումբ ձևավորվեց` ուսումնասիրելու ապաբնակեցման` բնակչության   թվաքանակի նվազման ճգնաժամը և արտագաղթի տագնապալի չափերի բուն պատճառները։   Depop-ը  (այսուհետ՝ «ԴԵՊՈՊ».  այսպես կոչվեց խումբը) կազմեց ու հրապարակեց իր զեկույցը 2013-ին  ( www.depop.am) `վերնագրված ՝ «Հայաստանի ապաբնակեցման ճգնաժամը»։

Ըստ «ԴԵՊՈՊ»-ի տվյալների՝ արտագաղթի բարձր չափերը  պայմանավորված են՝

  • լավ կյանքի հանդեպ հույսի կորստով,
  • խղճուկ, ճահճացած տնտեսական պայմաններով:

Սակայն  խորքային պատճառները բխում են՝

ա/ օրենքի գերակայության բացակայությունից,

բ/  պետության լավ  և թափանցիկ կառավարման բացակայությունից,

գ/ դեմոկրատական ինստիտուտների  բացակայությունից  և կեղծված ընտրություններից։

 

Ներկայացնելով  «ԴԵՊՈՊ  Կառավարման Ինստիտուտը»`

 

Սփյուոքի Հայկական վերածնունդ  քաղաքական շարժումը կազմակերպեց հիմնադիր  կոնֆերանս՝ (չշփոթել Հայաստանի նույնանուն կուսակցության հետ) ՝ կապված Հայաստանում օրենքի գերակայության բացակայության և կառավարման  խնդիրների հետ: Այն տեղի ունեցավ Տորոնտո քաղաքում 2016 թվականի սեպտեմբերի 10-ին՝ անկախ անհատների, արվեստագետների, մտավորականների, քաղաքագետների, վերլուծաբանների, իրավաբանների մասնակցությամբ։ Նրանց աջակցությունը ոգևորեց կոնֆերանսի կազմակերպիչներին, ովքեր «ԴԵՊՈՊ»-ի  ներսում  հիմնադրեցին «ԴԵՊՈՊ Կառավարման Ինստիտուտը»։

 

ՆԵՐՔԻՆ ԴՐԴԱՊԱՏՃԱՌՆԵՐԸ

 

 2016 -ի իրադարձությունները

Ինքնաբուխ զինված հարձակումն  ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի  վրա,  հուլիսյան դեպքերը Երևանում  ավելի  ընդգծեցին  երկրում անգործունակության բարձր մակարդակը։ Լուրջ  թերացումներն ազգային անվտանգության համակարգում, էնդեմիկ կոռուպցիան,  սոցիալական խռովության բարձր աստիճանը  և բոլոր տեսակի քաղաքական կուսակցությունների  հանդեպ վստահության կորուստը  ծնունդ են տվել քաղաքացիական և  ուժային իշխանությունների հանդեպ համընդհանուր անտարբերության, ինչն էլ իր հերթին ծնում է  մեծ դժգոհության վտանգ՝  պայմանավորված  ազգաբնակչության  և  կառավարող ինստիտուտների միջև վստահության պակասով՝  սրանով հանդերձ  վտանգի տակ դնելով Հայաստանի անվտանգությունն էլ ավելի մեծ չափով։

        Ազդեցությունը

        Անկախությունից ի վեր տասներեք կառավարություն հաջորդեցին միմյանց, որոնք ի զորու չեղան լուծելու վերոնշյալ խնդիրները:  Արդյունքը՝  զանգվածային արտագաղթ:  Արժեքավոր  մարդկային ռեսուրսների նկատելի արտագաղթը   ստեղծել է սոցիալական կապիտալի զեղում: Երկրի տնտեսության համար այդ կապիտալը  կենսականորեն անհրաժեշտ է:

Գործազրկության և աղքատության մակարդակն այնպիսին է, որ միայն արտագաղթածների դրամական փոխանցումները  կարող են երաշխավորել  ծայրահեղ աղքատների  ապրուստն ու գոյությունը:

Հուլիսյան դեպքերի նախօրեին ականատես եղանք  ոստիկանության երեք սպաների կորստին:  Երևանի ոստիկանական ուժերը նույն կերպ պատասխանեցին հակակառավարական շարժման մասնակիցներին:  Իբրև հետևանք՝ աշխարհահռչակ մի խումբ սփյուռքահայ արվեստագետներ կազմեցին միջնորդագիր՝ «Արդարություն Հայաստանում»  խորագրով՝ դատապարտելով  սոցիալական խռովությունները, մարդու ու քաղաքացիական իրավունքների ոտնահարումը: Այդ միջնորդագիրը  խորհրդանշական կերպով  հրապարակվեց Հայաստանի  Անկախության 25-ամյակի օրը: մինչ օրս խնդրագիրը հավաքել է  5000 ստորագրություն:

 

ՎԵՐԱՐԹՆԱՑՆԵԼՈՎ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀՊԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ  ԵՎ  ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆԴԵՊ  ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ

Հասարակության հինգ անկյունաքարերն են  կառավարությունը,  խորհրդարանը, դատական համակարգը, զանգվածային լրատվամիջոցները,  ժողովուրդը. կարևոր է, որ սրանցից յուրաքանչյուրը  հանձն առնի քաղաքացիական պատասխանատվության իր չափաբաժինը  և կիրառի ընտրություններին մասնակցելու իր իրավունքը, որպեսզի ընտրություններն արտացոլեն ժողովրդի իրական կամքը:   Համապատասխանաբար՝ էական է քվեարկության նախապատրաստման ընթացակարգը,  ընտրողի ուսուցումը, թեկնածուների համար հավասար մեդիա հնարավորությունների ապահովումը, և  անշուշտ,  պատշաճ  ու թափանցիկ քվեարկությունը  երաշխավորված է:

Այս գործընթացը  միտված է դառնալու  Հայաստանում  օրենքի իրական գերակայության  հաստատման  նպատակ:  Ներկա սոցիալական ճգնաժամը հնարավորություն է տալիս   ամրապնդելու  քաղաքացիական հասարակությունը՝ որպես առաջնահերթություն,  մեծապես գերազանցելով որևէ այլ քաղաքական առաջնահերթության: Հայաստանում դեմոկրատացման գործընթացը  ո՛չ արտոնություն է, ո՛չ էլ ընտրություն,  այն բացառապես պարտադիր ընթացք է, որին մեզնից յուրաքանչյուրը, որպես երկրի քաղաքացի,  կոչված է ակտիվորեն և կառուցողաբար աջակցելու:

Մոսկվաբնակ բարերար Ռուբեն Վարդանյանը իր վերջին հարցազրույցում «Մեդիամաքսին»  ընդգծում է. «Ես  հավատում եմ՝ շատերը, ներառյալ Հայաստանի ղեկավարությունը, հասկանում են՝ ինչ է  տեղի ունեցել:  Ինչևէ, կան տարբեր ուղիներ՝ ներկա դրությունից դուրս գալու համար, և գլխավոր հարցն այն է, թե մեր  հանրությունն ինչպես է պատրաստ փոփոխությունների:  Ես կարծում եմ՝ ապրիլյան պատերազմը և հուլիսյան իրադարձությունները Երևանում  ծառայում են իբրև զարթուցիչ զանգ ոչ միայն իշխանությունների, այլև հայ հասարակության համար թե՛ երկրի ներսում, թե՛ Սփյուռքում: Արմատական փոփոխությունները հնարավոր են, երբ կա ներքին համաձայնություն հանրության մեջ…»:

Դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ Երևանում ԵՄ առաքելության ղեկավարը,  իր վերջին հարցազրույցում RFE-ին ասաց. «Հաջորդ ընտրությունները Հայաստանում կլինեն շատ կարևոր: Դրանք կվճռեն Հայաստանի ապագան»:

Դեսպան Սվիտալսկին ընդգծեց Հայաստանում առաջիկա ընտրությունների հավուր պատշաճի անցկացման կարևորությունը՝ ասելով, որ նրանք կազդարարեն ժողովրդավարական փոփոխություն: Այնուհետ նա ավելացրեց, որ  ներկայիս և ապագա կառավարությունների անմիջական գործը   Հայաստանում կոմերցիոն գործունեությունների արգելքների և սահմանափակումների վերացումն է, իրականում՝  բաց և առաջադեմ հանրության առաջխաղացումը:   «Բարենպաստ ներդրումային միջավայրը կգրավի ավելի շատ օտարերկրյա ներդրողների և  կխթանի  փոքր ու միջին ձեռնարկությունների աճը»:

Մենք համաձայն ենք երկուսի հետ։ Մենք նաև ձգտում ենք ունենալ ամուր ժողովրդավարական և զարգացած երկիր, որն ունակ կլինի բավարարելու իր ազգաբնակչության կարիքները և կխրախուսի նախկինում արտագաղթած քաղաքացիների  հայրենադարձությունը։  Ուզում ենք հավատալ,  որ նոր կառավարությունը Երևանում պարկեշտ է, որ այս ընտրությունները կարիք ունեն  վերահաստատելու պետության  վստահելիությունն իր քաղաքացիների հանդեպ: Մենք պատրաստ ենք նեցուկ լինելու այս շարժմանը՝ փոխելու ստատուս քվոն։

Որպես քաղաքացիական հասարակության  հավաքական ջանքերի մի մաս՝  աջակցելու Հայաստանում լավ կառավարմանը, մասնավորաբար առաջիկա խորհրդարանական ընտրությունների համատեքստում՝ 2017-ի ապրիլին, «ԴԵՊՈՊ  Կառավարման Ինստիտուտը»  թիրախավորել է երեք առաջնային նախաձեռնություն։

 Գործողությունների փուլեր՝ ուղղված 2017 թ. ապրիլի ընտրություններին. իրազեկության բարձրացում հանրային քննարկումների միջոցով և խրախուսող ուղերձներ (Հանրային Ծանուցումների Ծառայություն՝ PSA’s):

  1. Մամուլի ակումբը քննարկումների և բանավեճի  ձևաչափ է, որը  միավորում է  առանցքային դեմքերի տարբեր քաղաքական, տնտեսական և քաղաքացիական հարթություններից՝ քննարկելու Հայաստանի համար կարևորագույն հիմնախնդիրները։ Այս նախագիծն արդյունք է  «168 ժամ» թերթի  խմբագրության և «ԴԵՊՈՊ Կառավարման Ինստիտուտի» միջև համագործակցության: Բանավեճերի շարքի ձևաչափը քննարկման ազատ ոճ է փակ միջավայրում, որտեղ մասնակիցներին խրախուսում են բացախոսության: Բանավեճերը  ղեկավարելու է մասնագետ մոդերատորը՝ հրավիրված հատուկ այդ նպատակով։ Նախագիծը գործի կդրվի 2017-ի հունվարի վերջին՝  ինը շաբաթվա ընթացքում:  Բանավեճերը կարտատպվեն և կհրապարակվեն «168 ժամ»  շաբաթաթերթում, որը տարածվում է Հայաստանի ամբողջ տարածքով, ինչպես նաև կտարածվի առցանց: Դրանք կթարգմանվեն երեք լեզվով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն,  նաև  կներկայացվեն 30-րոպե տևողությամբ տեսատարբերակով:  Տեսատարբերակները կտեղադրվեն «ԴԵՊՈՊ»-ի և «168 ժամի» կայքերում։ Դրանք հասանելի կլինեն նաև  սոցցանցերում:
  2. Status Quo  -ն    համագործակցության նախագիծ է Հանրային ռադիոյի և «ԴԵՊՈՊ»-ի միջև: Այն բաղկացած է  ռադիոծրագրերից, որոնք հեռարձակվում են Հայաստանի ամբողջ տարածքում և Արցախում, ինչպես նաև  Սփյուռքի համայնքներում: Սա նաև նախկինում գոյություն ունեցող հայեցակարգի զարգացում է, որը ներկայումս նպատակ ունի պայքարելու ընտրակաշառքների և կոռուպցիայի դեմ:  Ինը ռադիոհաղորդում է նախատեսվում  մինչև առաջիկա խորհրդարանական ընտրությունները:  Ռադիոհաղորդաշարը կհյուրընկալի փորձագետների համապատասխան ոլորտներից՝ համաձայն հաղորդման թեմայի, և կլինի ուղիղ հեռարձակում՝ հնարավորություն տալով ունկնդիրներին հարցեր ուղղելու հեռախոսազանգերով:  Հաղորդումը հասանելի կլինի առցանց՝ Հանրային ռադիոյի կայքում, ինչպես նաև բջջային հեռախոսների հավելվածի միջոցով:  Բոլոր բանավեճերը կտեսագրվեն, կտառադարձվեն հայերեն, կթարգմանվեն անգլերեն, կտեղադրվեն «ԴԵՊՈՊ»-ի և Հանրային ռադիոյի կայքերում՝ առցանց հասանելի լինելու համար: Տեսաֆիլմերը համատեղելի  կլինեն նաև սոցցանցերի համար:
  3. Հանրային Ծանուցումների Ծառայության (PSA’s) նախագիծ՝ չորս տեսահոլովակով. «Ապրիլն իմ ապագան է»: Նախագծի նպատակն է ներգործել ընդհանուր ընտրազանգվածի վարքագծի վրա ընտրությունների գործընթացներում 2017 թ.  ապրիլին Հայաստանում  կայանալիք  խորհրդարանական ընտրությունների ժամանակ:  Նախագիծը ներկայացնելու են, ի թիվս այլոց, նշանավոր դեմքեր, ովքեր ընտրությունների շրջանում փորձելու են համոզել մարդկանց ձեռնպահ մնալ արատավոր սովորույթներից, ինչպիսիք են՝  ընտրություններին չմասնակցելը կամ ընտրակաշառք վերցնելը:

Տեսահոլովակները պարունակում են  հետևյալ առանցքային ուղերձներից մեկը կամ մի

քանիսը  միաժամանակ.

 

  1.     Յուրաքանչյուր քվե կարևոր է, յուրաքանչյուր քվե կարող է  մթնոլորտ փոխել:

Քվեարկելը յուրաքանչյուր քաղաքացու  էական մասնակցություն է, ով մտահոգ է իր

հայրենիքի   ապագայով:

  1.    Ընտրակաշառք վերցնելը կամ ձայն վաճառելը  բարոյական  անընդունելի հանցանք է՝

ընդդեմ  վաղվա, ժողովրդի  ու նրա զավակների ապագայի:

  1.   Հայ ժողովուրդը  չպետք է կորցնի լուսավոր ապագայի հույսը, պետք է ունենա իր

          կարևորագույն մասնակցությունը, որպես իր երկրի քաղաքացիներ, ժողովրդավարական

ու բարգավաճ երկրի կառուցման գործում:

  1.  Հուսալքությունը  և երկրում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին անմասն

մնալը հայերիս համար շռայլություն չէ:

Տեսահոլովակների դինամիկ մոնտաժը,  ոգևորիչ ռիթմիկ երաժշտությունը մղում են

ակտիվության,  միաժամանակ գրաֆիկական և տեսողական էֆեկտները զորացնում են

պատգամների  ազդեցությունը:

Հանրային Ծանուցումների Ծառայության նախագիծը ներկայացվելու է սոցիալական լրատվամիջոցներով: «ԴԵՊՈՊ Կառավարման Ինստիտուտը» հրավիրելու է նաև Հայաստանում գործող առցանց հեռուստաընկերություններին՝ հեռարձակելու չորս տեսահոլովակներն իրենց ալիքներով:  Զուգահեռաբար ընտրապայքարին մասնակցող բոլոր կուսակցությունների ու քաղաքական դաշինքների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվելու  հեռուստալիքներով պաշտոնապես  իրենց հատկացված ժամանակից մի փոքր մաս նվիրելու չորս տեսահոլովակների հեռարձակմանը ընտրարշավի շրջանակներում:

 

«ԴԵՊՈՊ Կառավարման Ինստիտուտը» պատրաստ է համագործակցել  ցանկացած պետական կամ հանրային հաստատության, դիվանագիտական, հասարակական կազմակերպությունների  հետ, որոնք ունեն համանման նպատակներ՝ շարժում սկսելու՝ թափանցիկ  ընտրությունների  անցկացման համար  2017 թվականի ապրիլին, ինչը հիմնարար ուղենիշ կդառնա երիտասարդ  Հայաստանի  Հանրապետության պատմության մեջ:

 

Սարգիս Շահինյան
«ԴԵՊՈՊ Կառավարման Ինստիտուտ»
Գործադիր տնօրեն
sarkis.shahinian@depop.am
www.depop.am

EnglishРусский, Français