Welcome to The DEPOP Institute For Governance

Տնօրենների կողմից ձայների հավաքագրումը իրավական հետևանքներ չի ունենում

Աղբյուր՝ Civilnet

Հանրապետական կուսակցության օգտին ձայներ հավաքագրելու դպրոցների և մանկապարտեզների տնօրենների գործողությունները իրավական և քաղաքական հետևանքներ չեն ունենում։ Իսկ քաղաքական ուժերի մեծ մասը չի շտապում Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պահանջել այդ փաստերի հիման վրա իրավական գործընթաց սկսել և հետաձգել ընտրությունների օրը, ինչը ԿԸՀ-ն կարող է անել Ընտրական օրենսգրքի համաձայն (Հոդված 88), քանի որ «առկա է նախընտրական քարոզչության սահմանված կարգի այնպիսի խախտում, որը կրում է շարունակական բնույթ, և թույլ տրված խախտումը կարող է էական ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա» (ԸՕ, Հոդված 19):

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ի հրապարակած փաստերը, որ իշխող Հանրապետական կուսակցությունը քաղաքապետարանների և մարզպետարանների միջոցով՝ 114 դպրոցների ու մանկապարտեզների տնօրենների մասնակցությամբ, չարաշահել է վարչական ռեսուրսն ու ձայներ հավաքագրել իր օգտին, արդեն իսկ ստվերել է ապրիլի 2-ին ընտրությունների թափանցիկությունն ու արդարությունը։

«Իրազեկ քաղաքացիների միավորում»-ի ներկայացրած փաստերն ու ձայնագրությունները Հայաստանի ընտրությունների պատմության մեջ իշխանությունների կողմից վարչական ռեսուրսի զանգվածային չարաշահման ամենամեծ վավերագրությունն էին։

ԿԸՀ-ն և պետական այլ մարմինները չեն շտապում գնահատական տալ կատարվածին և իրավական գործընթաց սկսել։ Շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը որևէ գնահատական չի տվել և ասել է, որ իրենք ստացել են ձայնագրություները, դրանք գտնվում են ուսումնասիրությունների փուլում։

Ձայնագրությունների հրապարակման օրը ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ ոստիկանությունում էլ ասել էին, որ գործն ուսումնասիրում են և հանդես կգան հայտարարությամբ։ Անցել է երեք օր, հայտարարություն չկա։

Գլխավոր դատախազության կայքում մարտի 27-ի ժամը 15։30-ի դրությամբ խնդրի վերաբերյալ որևէ հայտարարություն չկա։ ՍիվիլՆեթի հարցմանն ի պատասխան՝ դատախազությունից պատասխանել են․

«Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ձայնագրություններից մեկը առերևույթ հանցագործության հատկանիշներ է պարունակում: Նշված մյուս ձայնագրությունները հանցագործության հատկանիշներ չեն պարունակում, ուստի դրանց վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը գտնվում է պետական այլ իրավասու մարմինների լիազորությունների շրջանակում»։

Քաղաքական ուժերի արձագանքը

Ընտրակեղծարարության հրապարակված փաստերի վերաբերյալ քաղաքական ուժերից առաջինը արձագանքեց ՀՀԿ-ն։ ՀՀԿ կենտրոնական շտաբը հայտարարեց, որ «ձայների հավաքագրում եղել է, սակայն դա Ընտրական օրենսգրքի խախտում չէ, քանի որ այն ենթադրում է աշխատանք իրենց պոտենցիալ ընտրողների հետ»։

«Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը շաբաթ օրը դիմեց ԿԸՀ՝ պահանջելով ընտրական գործընթացից հեռացնել ՀՀԿ-ին ։ Երկուշաբթի հրավիրած ասուլիսին դաշինքի ղեկավարներից Վարդան Օսկանյանը հայտարարեց, որ վարչական ռեսուրսի չարաշահումը տեղի է ունենում ոչ միայն դպրոցներում և մանկապարտեզներում, այլև հիվանդանոցներիում, նախարարություններում, պետական և բյուջետային հիմնարկներում ու մեծ ընկերություններում։ Դաշինքը, սակայն, չի մանրամասնում ինչ գործողության է դիմելու, եթե ԿԸՀ-ն չբավարարի իր հայցը։

Կոնգրես-ՀԺԿ դաշինքը դատապարտեց «իշխանության կողմից իրականացվող բացահայտ ապօրինությունը» և պահանջեց կրթության և գիտության նախարար, դաշնակցական Լևոն Մկրտրչյանի հրաժարականը։

ԵԼՔ դաշինքը նույնպես դատապարտեց ուսումնական հաստատությունների քաղաքականացումը և վարչական ռեսուրսի չարաշահումը։ Ուրբաթ տեղի ունեցած  ասուլիսին ԵԼՔ-ը խոսեց նման իրավիճակներում ԿԸՀ-ի անելիքների մասին և նշեց, որ այն պետք է  սառեցնի ՀՀԿ-ի մասնակցությունը։ ԵԼՔ-ը, սակայն, ԿԸՀ-ին պաշտոնապես չդիմեց՝ արձանագրված խախտումների հիման վրա իրավական և քաղաքական հետևանքներ ենթադրող վարույթ սկսելու։

Կատարվածի վերաբերյալ որևէ հայտարարություն չեն արել ընտրություններին մասնակցող մյուս ուժերը՝ «Ծառուկյան դաշինքը», «Հայկական վերածնունդը», «Ազատ դեմոկրատները», Հայ հեղափոխական դաշնակցությունը և Հայկոմկուսը։

Արփի Մախսուդյան

Leave a comment