Welcome to The DEPOP Institute For Governance

Չարյաց փոքրագո՞ւյն, գուցե՝ չարի՞ք

Աղբյուր՝ Civilnet

Իշխող ՀՀԿ-ի փոխնախագահ Արմեն Աշոտյանը երեկ մի նոր նախադասություն է շրջանառության մեջ դրել, որը կարող է դառնալ նաև իշխող կուսակցության նախընտրական քարոզարշավի մաս․ «Մենք կարող էինք ավելի լավ աշխատել, բայց մեզանից լավ ոչ ոք չէր կարող աշխատել»։

Պարոն Աշոտյանի ուղերձը հասկանալի է՝ մեզանից՝ ՀՀԿ-ից լավը չկա, կամ՝ վատերի մեջ ամենալավը մենք ենք։ Այս տեսակետը իրավունք ունի գոյության, մանավանդ, որ չես կարող համեմատության մեջ դնել։ Եթե ասես, որ Ձեր իշխանության ժամանակ՝ 2008-ից ի վեր, Հայաստանից արտագաղթել է 355 հազար մարդ, պարոն Աշոտյանը կարող էր ասել՝ իսկ եթե [Աստված մի արասցե] 2008-ին Լևոն Տեր-Պետրոսյանը կամ 2013-ին Րաֆֆի Հովհաննիսյանը գային իշխանության, ապա կարող էր ավելի շատ մարդ հեռանալ ու ամեն ինչ ավելի սարսափելի լինել։

Եթե պարոն Աշոտյանը պնդեր, որ Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի իշխանության ինը տարիները ավելի լավն էին հայ ժողովրդի համար, քան Ռոբերտ Քոչարյանի նախագահության 10-ը և Լևոն Տեր-Պետրոսյանի 7-8 տարիները, ապա հնարավոր կլիներ գոնե թվերով համեմատել։

Թվերով համեմատել տարածքները, արտագաղթը, արտաքին պարտքը, աղքատության ցուցիչը, պետական բյուջեի չափը և այլն։

Այլ բան չի մնում մեզ, քան հավատալ ՀՀԿ փոխնախագահին և կրկին ներկայացնել նրա կուսակցության ու Սերժ Սարգսյանի նախագահության ինը տարիների հիմնական պաշտոնական արդյունքները՝ մեկնաբանությունները թողնելով ապրիլի 2-ին ընտրատեղամասեր գնացող քաղաքացիներին։

Քանի որ ապրիլի 2-ին լրանում է նաև Քառօրյա պատերազմի մեկ տարին, սկսենք դրանից։ Հայաստանն ու Արցախը մեկ տարի առաջ այդ օրը կորցրեցին 800 հեկտար տարածք։ 1994-ի մայիսյան զինադադարից ի վեր հայկական կողմը տարածք չէր կորցրել։

Երկրորդ, 2008-ից ի վեր Հայաստանից արտագաղթել է 355 հազար մարդ։ Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ է նշանակում 355 հազար մարդ, ասենք, որ Սերժ Սարգսյանի նախագահության և ՀՀԿ-ի իշխանության ամեն Աստծո օր Հայաստանից հեռանում է 100-ից ավելի մարդ։

Երրորդ, Հայաստանի արտաքին պարտքը 2008-ի համեմատ եռապատկվել է և հասել 6 միլիարդ դոլարի։ Սա նշանակում է, որ Սերժ Սարգսյանի նախագահության և ՀՀԿ-ի իշխանության ամեն Աստծո օր Հայաստանը կուտակում է 1,2 միլիոն դոլար պարտք։

Չորրորդ, աղքատությունը 20 տոկոսից հասել է 30 տոկոսի։

Հինգերորդ, դոլարային արտահայտությամբ Հայաստանի պետական բյուջեն չի հասել 2008 թվականի մակարդակին։

Հիշեցնենք, որ իշխող ՀՀԿ-ն խորհրդարանական ընտրություններրի է գնում «Անվտանգություն և առաջընթաց» կարգախոսով։

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի

Leave a comment