Welcome to The DEPOP Institute For Governance

«Հայաստան-Սփյուռք. մեկ ազգ` առանց ընդհանուր տեսլականի»

«168 Ժամ» թերթին կից գործող «Պրեսսինգ» ակումբը վերսկսել է քննարկումների շարքը, որոնց ընթացքում արծարծվում են մեր երկրին,  հասարակությանը հուզող բազմաթիվ խորքային հարցեր։ Քննարկումների շարքի աջակիցներն են «ԴԵՊՈՊ» Կառավարման ինստիտուտը, «Ազատ Ֆարմա» ընկերությունը և «168 ժամ» թերթը։

Երկրորդ քննարկումը վարում էր  Հայաստանի Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի անդամ,  PR հանրության հետ կապերի մասնագետ, քաղաքագետ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը։

Քննարկման մասնակիցներն են`

«Վերադարձ Հայաստան» հիմնադրամի տնօրեն Վարդան Մարաշլյանը,  Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը,  Հայաստանում Ամերիկյան համալսարանի դասախոս, խմբագիր Մարիա Թիթիզյանը, տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը, քաղաքագետ, ԱՄՆ Թաֆթս համալսարանի Ֆլեթչերի իրավունքի և դիվանագիտության դպրոցի  գիտաշխատող Սուրեն Սարգսյանը, գիտությունների թեկնածու, Forbes, The National Interest, The Hill and the American Thinker հեղինակավոր ամսագրերի թղթակից Արեգ Գալստյանը (Ռուսաստան)։

Տիգրան Հակոբյան.- Այսօրվա մեր քննարկման թեման է` «Հայաստան-Սփյուռք. մեկ ազգ` առանց ընդհանուր տեսլականի»։ Առանցքային խնդիրներից, որ կցանկանայինք քննարկել, հայրենադարձության խնդիրն է. արդյո՞ք այդ խնդիրը կա Հայաստանի վերնախավի, և ընդհանրապես հայկական բոլոր բաղադրիչների առջև, և եթե այդպիսի պահանջ կա, ապա ինչպե՞ս դա կարելի է կազմակերպել, և ի՞նչ գործոններ են խոչընդոտում այդ գործընթացը սկսելու և իրականացնելու համար։

Բոլորդ կհամաձայնեք, որ անկախության ձեռքբերումից ի վեր Հայաստանն ու Սփյուռքը փորձում են համատեղ աշխատանքի ուղիներ փնտրել. երբեմն դա ստացվում է, ավելի հաճախ` չի ստացվում, և այսօր բացակայում է այն հայեցակարգը կամ այն բազմաթիվ ծրագրերը, որոնք կօգնեն ավելի արդյունավետ դարձնել և՛ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները, և՛ Սփյուռքի ներգրավվածությունը Հայաստանի քաղաքական, մշակութային, սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման մեջ։ Նախորդ տարին այդ առումով խորհրդանշական էր, որովհետև Սփյուռքի տարբեր կառույցներ ավելի ակտիվ սկսեցին հայտ ներկայացնել` Հայաստանի ներքին գործընթացներին մասնակցելու համար։ Ուզում եմ հիշեցնել, որ «Եկել է գլոբալ հայերի ժամանակը» կոչը, որը ստորագրված էր հեղինակավոր անձանց կողմից (և՛ սփյուռքահայ, և՛ հայաստանցի), «Միավորված հայեր» կազմակերպության առաջարկը` ստեղծել երկպալատանի խորհրդարան, որտեղ վերին պալատում տեղ կունենան և Հայաստանի կառավարմանը կմասնակցեն սփյուռքահայերը, և մի շարք մտավորականների նախաձեռնությունը` Observers Armenia, որն ավելի շատ կապված է դերասանուհի Արսինե Խանջյանի և այլ մտավորականների հետ, և որոնց նպատակն է` գալ Հայաստան և դիտորդական առաքելություն իրականացնել ընտրությունների ժամանակ։ Բայց անձամբ մի բան եմ նկատել, որ բոլոր այդ կոչերում, այդ հայտարարություններում, ծրագրերում  մի կարևոր բաղադրիչ է բացակայում. ոչ մի տեղ չի խոսվում հայրենադարձության խնդրի մասին, չի ասվում, որ Հայաստանի կարևորագույն խնդիրներից է ժողովրդագրական խայտառակ վիճակը, որը շտկելու համար պետք է նաև հայրենադարձություն լինի։

Տիկին Թիթիզյան, ինչո՞ւ հայկական աշխարհի տարբեր բաղադրիչների մոտ այս 25 տարվա ընթացքում հայրենադարձությունը կազմակերպելու համար հստակ հայեցակարգ չի ձևավորվել։

Մարիա Թիթիզյան.- Ո՞վ է կազմակերպելու հայրենադարձությունը. դա պետական ծրագի՞ր պետք է լինի, քաղաքականությո՞ւն պետք է լինի, թե՞ պետք է թողնենք Սփյուռքի տարբեր համայնքների, կուսակցությունների, եկեղեցու հայեցողությանը։ 2000 թվականին, երբ մենք Կանադայից պատրաստվում էինք Հայաստան տեղափոխվել, մեր համայնքում շատերն ասացին` ո՞ւր եք գնում բա երեխե՞քը, բա ուսո՞ւմը, բա առողջապահությո՞ւնը, քաղաքական վիճակն անկայուն է… Այն ժամանակ Երևանն այսօրվա նման չէր, և ես ասացի` եթե բոլորս պետք է սպասենք, որ այդ բոլոր հարցերը լուծվեն` չի լինելու. մենք բոլորս պետք է գնանք։

Ինձ թվում է, որ նախ` Սփյուռքն ընդհանրապես Հաայստանը չի հասկացել, և այս 25 տարիները ցույց տվեցին, որ մենք չունեցանք այդ դիսկուրսը` անկեղծ, հորիզոնական։ Դա եղավ կամ պետության, իշխանության կողմից, կամ` կազմակերպված կուսակցությունների և համայնքների միջոցով։ Ենթադրենք, Սփյուռքում ունենք 8 մլն հայություն, այդ 8 մլն-ի քանի՞ տոկոսն է կազմակերպված, տարբեր աշխատանքների մեջ ներգրավված։ Այնտեղ հոծ թիվ կա, որ ընդհանրապես ներառված չէ, և այսօր այդ հատվածը շփոթված վիճակում է, թե ո՞ւր է իր տեղը։ Մենք պետք է հասկանանք, որ արդեն չորրորդ սերունդն է Սփյուռքում։ Եվ այդ սերունդն արդեն ընտելացել է իր ապրած միջավայրի, մշակույթի, երկրի կանոնների հետ, և իր ակնկալիքները Հայաստանից շատ բազմատեսակ են. Միջին Արևելքի հայությունն ուրիշ ակնկալիքներ ունի, Հյուսիսային Ամերիկա, Արգենտինա, Հարավային Ամերիկա, Եվրոպա… բոլորն իրենց ակնկալիքներն ու մոտեցումներն ունեն։ Դրա համար շատ դժվար է` այդ բոլորը մեկ տեսլական ունենան։

Ոչ մեկին պետք չէ հայրենադարձությունը. ո՛չ Հայաստանի կառավարությանը, ո՛չ էլ Սփյուռքի որոշ կառույցներին։ Մենք մեկ մարմին ենք, երկու թոք, մեկը` հայրենիք, մյուսը` Սփյուռք։ Սփյուռքը մշտական է, միշտ լինելու է, չքանդենք, չտկարացնենք։ Թող ներեն Սփյուռքի ընկերներս, բայց այս հոգեբանությունն առկա է Սփյուռքում։

Տիգրան Հակոբյան.- Երկու իրարամերժ մոտեցում կա` մեծ մասն ասում է, որ միայն այն ժամանակ հնարավոր կլինի իրականացնել հայրենադարձության հոսքերը, երբ Հայաստանը հարմարավետ կլինի ապրելու համար, այսինքն` կստեղծվեն համապատասխան նախադրյալները, բոլորը հավասար կլինեն օրենքի առաջ, կլինի լավ բիզնես-միջավայր, Հայաստանում կբացվեն նոր աշխատատեղեր, Հայաստանը կլինի շատ անվտանգ երկիր։ Երկրորդ մոտեցումն այն է, որ առանց Սփյուռքի ներգրավվածության, առանց այն ուժերի, որոնք կգան և կապրեն Հայաստանում, այդ բոլոր բարեփոխումները կարող են շատ երկար տևել կամ ընդհանրապես Հայաստանում չիրականանալ։ Տարբեր օրինակները հուշում են, որ երկրորդ տարբերակն աշխատող է։ Այսինքն` մենք առաջին հերթին պետք է հասկանանք, որ այդ հայրենադարձությունը պետք է գիտակցված լինի, ինչպես եղավ նույն Իսրայելում, որովհետև, եթե դուք խոսում եք չորրորդ սերնդի մասին, ապա այնտեղ եկան մարդիկ, որոնք Իսրայելը` որպես հայրենիք, չգիտեին, իրենց պապերն այնտեղ չէին ապրել։

Պարոն Վարդանյան, ես հետևում եմ Ձեր հաղորդումներին, Դուք միշտ դեմ եք այն մոտեցմանը, որ կենսակերպն է բնորոշում մարդու էությունը, Դուք կարծում եք, որ հայկական ոգին, հայկական ինքնությունը, պատմությունն ու ավանդույթները մեր ուժի գրավականն են։ Արդյո՞ք հնարավոր է ինչ-որ բան անել, որպեսզի մենք կարողանանք մոտիվացնել մեր սփյուռքահայ օջախներին, որ Հայաստանը, անկախ իր բարեփոխումներից, հայի համար ամենաարդյունավետ իրեն դրսևորելու և հարմարավետ ապրելու տեղն է։

Կարեն Վարդանյան.-  Ես ամենևին չեմ թերագնահատում կենսակերպը, պարզապես իմ մոտեցումն այն է, որ, եթե ես որոշել եմ, որ Հայաստանին պետք է Սփյուռքի վերադարձը, ապա ես սկսում եմ դրանով զբաղվել։ Ինձ չի հետաքրքրում` կառավարությունն ուզո՞ւմ է, թե՞ ոչ, պատրա՞ստ է, թե՞ ոչ, և այլն, և կարծում եմ` այդ ճանապարհն է ամենահաջող ճանապարհը, որը պարոն Վարդան Մարաշլյանն ու իրենց կազմակերպությունը ցույց են տալիս։ Իհարկե, նրանք կառավարության հետ խոսում են, ասում են` օգնեք, նոր ճանապարհներ ստեղծեք, և այլն։ Ցարական Ռուսաստանում, երբ ընդհանրապես ինժեներներ չկային, Պետրոսը կամ Եկատերինան բերում էին մասնագետներ, որպեսզի իրենց երկիրը ոտքի կանգնի։ Նրանք թքած ունեին և գիտեին, որ իրենց երկիր եկած այդ գերմանացին 4 սերունդ հետո դառնալու է ռուս։ Այսինքն` մենք էլ պետք է վստահ լինենք, որ 4 սերունդ հետո, ասենք, Աստրախանից բերած մի շատ լավ ինժեներ դառնալու է հայ, մենք իր հետքերը չենք էլ գտնելու։

Քաղաքացու խնդիրը և՛ Սփյուռքում, և՛ Հայաստանում լուծված չէ։ Քաղաքացին մարդ է, որը նախ և առաջ այդ երկրի մեջ պաշտպանում է իր շահերը, այսինքն` ստեղծվում են կառույցներ, որոնք պաշտպանում են իր շահերը, և այլն։ Մենք, ցավոք սրտի, այդ հակումները չունենք, որովհետև պատմականորեն է դա դասավորվել, բայց դա չի նշանակում, որ մենք հիմա լինելով հասուն մարդիկ` դա չենք հասկանում։ Իհարկե, հասկանում ենք, որ պետք է քաղաքացի կերտենք։ Քաղաքացին, որպեսզի պաշտպանի իր շահերը, պետք է գիտակցի դրանք, հետո ինքն իր անձը համահունչ սարքի պետությանը, հակառակ դեպքում` իր շահերը պաշտպանելիս` կարող է քանդել այդ ամբողջ երկիրը։ Դրա համար, կարծում եմ, մենք ընդհանրապես Սփյուռքում և Հայաստանում, նախ և առաջ, կարիք ունենք` քաղաքացի պատրաստել։

Տիգրան Հակոբյան.- Պարոն Սարգսյան, վերցնենք Միացյալ Նահանգների հյուսիսը, որն իր ռեսուրսներով և թվաքանակով խոշորագույնն է հայկական գաղթօջախներից, որտեղ միաձուլված են հին ու նոր Սփյուռքը, որովհետև տասնյակ-հազարավոր մարդիկ անկախությունից հետո տեղափոխվեցին ԱՄՆ։ Ինչո՞ւ ավանդական առաջնությունները, որոնք ձևավորվել էին ԱՄՆ-ում գործող հայկական Սփյուռքում, այն է` հայ դատի լոբբինգը, ԱՄՆ նախագահների` «ցեղասպանություն» բառն արտասանելու լոբբինգը, ինչո՞ւ այդ ամենը, Հայաստանում իրականացվող այս ամբողջ գործընթացներից հետո, չեն փոխվում։ Ես տեսա, որ նորից ինչ-որ թուղթ են պատրաստվում ուղարկել Թրամփին, որով պահանջելու են նրանից` արտասանել «ցեղասպանություն» բառը։ Ի՞նչ կարելի է անել, ի՞նչ մոտիվացիա պետք է լինի նույն ամերիկյան Սփյուռքի համար, որպեսզի զգա, որ այսօր Հայաստանի համար առաջնությունը ամերիկյան նախագահների կողմից «ցեղասպանություն» բառն արտասանելը չէ, այլ օրինակ` հայրենադարձության խնդիրը։ Ինչո՞ւ այդպիսի աշխատանք, գործընթաց մենք չենք տեսնում։

Սուրեն Սարգսյան.- Ճիշտ եք նկատում. Միացյալ Նահանգների հայկական համայնքը նախ տարբեր սերունդներից է ձևավորվել` ոչ միայն անկախությունից առաջ, այլև անկախությունից հետո։ Բացի այդ, մեծաքանակ հայեր են բնակվում ԱՄՆ-ում, որոնք արտագաղթել են Սիրիայից, Իրանից, Լիբանանից և այլ պետություններից։ Այս առումով, իհարկե, մոտեցումները նույնպես տարբեր են. ամեն համայնքային կազմակերպություն, ամեն խումբ իր ուրույն պատկերացումն ունի, թե ինչպիսին պետք է լինի Հայաստանի ապագան, ուր պետք է գնա Հայաստանը, ինչ արտաքին կամ ներքին քաղաքականություն պետք է իրականացնի։ Սրա մեջ բացասական բան չկա, կարծիքները, իհարկե, կարող են լինել տարբեր և իրարամերժ։

Մեծ հաշվով` բոլորի նպատակը Հայաստանի հզորությունն ու կայունությունն է։ Նաև ճիշտ եք նկատում, որ այստեղ կա որոշակի առաջնահերթությունների բախում։ Այսինքն` մեծ հաշվով` և՛ Հայաստանը, և՛ Արցախը, և Սփյուռքը երբևէ չեն նստել, միասին չեն քննարկել և չեն որոշել, թե ո՞րն է մեր ազգի թիվ 1 մարտահրավերը։ Արդյո՞ք այդ մարտահրավերը Ցեղասպանության միջազգային ճանաչումն է, արդյո՞ք այդ մարտահրավերը ԼՂՀ-ի և ՀՀ-ի ժողովրդի ֆիզիկական անվտանգությունն է, արդյո՞ք այդ մարտահրավերը հայրենադարձությունն է։ Այսինքն` այստեղ, մեծ հաշվով` մենք ունենք մի կարևոր խնդիր, այն է` համազգային համաձայնության իսպառ բացակայությունը` մեր մարտահրավերների առումով։

Ես կարծում եմ, որ գոնե այսօր, հաշվի առնելով նաև նախորդ տարվա ապրիլի իրադարձությունները, պետք է հաշվի առնենք, որ մեր ազգի կարևորագույն մարտահրավերը ֆիզիկական անվտանգության ապահովումն է, որովհետև, եթե մենք ֆիզիկապես անվտանգ միջավայրում չբնակվենք, չի լինելու ո՛չ հայրենադարձություն, ո՛չ տնտեսական զարգացում։ Կարծում եմ` սա մի գաղափար է, որի շուրջ կարող ենք բոլորս հավաքվել, որից նաև մնացած բոլոր գաղափարները կարող են կյանքի կոչվել։

Հայրենադարձությունը` որպես կարևորագույն խնդիր, մենք կարող ենք առաջ քաշել միայն այն դեպքում, երբ լուծենք Հայաստանում ֆիզիկապես անվտանգ ապրելու խնդիրը։ Մենք Երևանից պետք է մեր Սփյուռքին ասենք` գիտեք, մենք մի ժողովուրդ ենք, մենք մի կենդանի օրգանիզմ ենք, այսօր ունենք այս պրոբլեմը, մենք ենթարկվել ենք ցեղասպանության, մի մասը խուսափել է դրանից, բայց մենք այսօր իրավունք չունենք` երկրորդ անգամ կանգնել այս խնդրի առջև։ Մենք մեր հարևանին ճանաչում ենք, գիտենք` ինչպիսի գործողություններ է իրականացնում, գիտենք, որ հայատյացությունն ու հայերի նկատմամբ բռնությունները պետական մակարդակով մեր հարևանը սատարում է, աջակցում է, խրախուսում է, հերոսացնում է, և սա նշանակում է, որ մենք պետք է` որպես առաջին թիրախ` ընտրենք հենց մեր երկու հայկական պետությունների անվտանգության հարցը։

Այսինքն` մեր ֆիզիկական բնաջնջման հաջորդ փորձը, ես կարծում եմ, որ Ադրբեջանը` հնարավորություն ունենալու դեպքում` անպայման իրականացնելու է։ Դրա ապացույցը մենք ունենք. մենք Թալիշն ենք հիշում, ծեր զույգի սպանությունն ենք հիշում, մեր գլխատված զինվորին ենք հիշում, և այս ամենը եղել է Սումգայիթից, Բաքվից ընդամենը մի քանի տարի անց։ Այսինքն` մեր ֆիզիկական անվտանգությունը, ես կարծում եմ` մեր օրակարգային թիվ 1 հարցը պետք է լինի։ Իհարկե, պետք է քննարկենք. միգուցե սխալ է իմ տեսակետը, բայց կարծում եմ` գոնե սա կարևոր հարցերից մեկը պետք է լինի։

Երբ խոսեցիք լոբբինգի մասին, այո, ճիշտ եք նկատել` ԱՄՆ-ում նույնպես այս պահին չկան այս առաջնահերթությունները, և որոշ կազմակերպություններ, կուսակցություններ, քաղաքացիներ առաջ են տանում նաև այս մոտեցումը, որ պետք է Թրամփին նամակ գրել և պահանջել, որ նա ճանաչի Հայոց ցեղասպանությունը։ Ես բացառում եմ, որ Միացյալ Նահանգների ֆեդերալ իշխանությունը երբևէ ճանաչելու է Ցեղասպանությունը։ Իհարկե, ես համարում եմ, որ մեր Սփյուռքը պետք է շատ ակտիվ աշխատանք կատարի նաև այս ուղղությամբ (պատմական իրադարձություններ են եղել, որոնց պետք է հստակ գնահատական տալ), բայց ֆեդերալ մակարդակով երբեք դա տեղի չի ունենալու։ Արդեն հարյուր տարի է` տեղի չի ունեցել, և չեմ կարծում, որ հաջորդ հարյուրամյակում դա տեղի է ունենալու։ Իսկ ինչ վերաբերում է հարցի առաջին հատվածին, ապա ես կարծում եմ, որ անվտանգությունն այսօր մեր ամենամեծ մարտահրավերն է, բայց, իհարկե, նորից եմ կրկնում` յուրաքանչյուրն իր կարծիքը կարող է ունենալ։

Տիգրան Հակոբյան.- Անվտանգությունը շատ դժվար է ապահովել, չնայած` միշտ ասում ենք` 21-րդ դարը տեխնոլոգիաների դարաշրջան է, այնուամենայնիվ, առանց մարդկային գործոնի և նվազագույն մարդկային թվաքանակի` դա հնարավոր չէ։ Ինչպե՞ս պետք է անենք, որ կարողանանք լուծել այս ժողովրդագրական իրավիճակը։ Պարոն Եղիազարյան, ասենք, եթե Հայաստանը եկավ ընդհանուր գաղափարի, կամ աշխարհաքաղաքական իրավիճակը միառժամանակ հետո ստիպեց դա, և Հայաստան սկսեցին սփյուռքահայերի մեծաթիվ հոսքեր գալ, որոնք կուզենան ապրել Հայաստանում և իսկապես ապահովել երկրի անվտանգությունը. այդպիսի կոնսոլիդացիայի և հոսքերի որևէ տնտեսական բազիս, հաշվարկներ` ինչպիսի՞ Հայաստան պետք է լինի, ի՞նչ գումար է պետք այդպիսի մեծ հոսքերը տեղափոխելու համար, կա՞ն։ Ընդհանրապես կա՞ն հաստատություններ, որոնք այդպիսի ռազմավարական պլանավորմամբ են զբաղվում, թե՞ ոչ։

Աշոտ Եղիազարյան.- Նախ ասեմ, որ այդպիսի իրավիճակ այն պայմաններում, որում գտնվում է Հայաստանը, անհնար է, բացառվում է ընդհանրապես։ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք բախվել ենք արտագաղթի հիմնախնդրի հետ, ոչ թե հակառակ հիմնախնդրի հետ։ Անկախություն ձեռք բերելուց հետո, Հայաստանը, որը Խորհրդային Միության մյուս երկրների համեմատ` ռեսուրսներով աղքատ երկիր էր, գազ, նավթ և այլն չուներ, որովհետև նախկին Խորհրդային Միության շատ երկրների տնտեսական աճը հենվում էր հենց այդ ռեսուրսների վրա, մենք տվեցինք աշխատանքային միգրանտներ, հիմնականում` Ռուսաստան։ Դա ունեցավ նաև իր հետևանքները, և դա նախ օրինաչափ էր, բնական էր, որովհետև սովորաբար միգրացիոն հոսքերը տեղի են ունենում ցածր եկամուտներ ունեցող երկրներից համեմատաբար բարձր եկամուտներ ունեցող երկրներ։ Ռուսաստանը փայլուն ձևով փորձեց օգտագործել այս գործոնը։ Ընդ որում` աշխատանքային միգրանտներին օգտագործեց որպես լծակ` հետխորհրդային տարածքում իր ազդեցությունը վերականգնելու համար։

Ներգաղթի համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական նախադրյալներ, այլ նաև` անվտանգության, սոցիալ-քաղաքական։ Այստեղ մենք բախվում ենք այն խնդրի հետ, որ Հայաստանի ինքնիշխանությունն զգալիորեն զիջված է։ Զիջված է մի երկրի` Ռուսաստանին, որտեղ Սփյուռքի 1/3 մասն է, այսինքն` 3 մլն, 3 մլն մարդ էլ Հայաստանում կա, և աշխարհի 10 մլն հայերից 6 մլն-ը գտնվում է ռուսական քաղաքականության ազդեցության շրջանակներում։

Ըստ էության` 3 մլն հայ` Ռուսաստանում, 3 մլն հայ` Հայաստանում, պատանդ են այդ քաղաքականությանը։ Այսպիսի պայմաններում, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ ռուսական կապիտալն ընդհանրապես քաղաքականացված կապիտալ է, մտածել, որ Հայաստանը կարող է իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնել, որը ձգող գործոն պետք է հանդիսանա, Հայաստանն իրեն զրկել է այդ հնարավորությունից։ Հայաստանի տնտեսությունն աստիճանաբար էլ ավելի է թուլանալու, որովհետև նեղանում է, որովհետև այն հիմքը, որ կա, այսինքն` ամբողջությամբ կցվել Ռուսաստանի ոչ պարզունակ տնտեսության կառուցվածքին, հնարավորություն չի տա Հայաստանին` աճել, աշխատատեղեր ստեղծել։

Հայաստանը պետք է միջազգային հարթակ դուրս գա, պետք է ունենա այնպիսի դաշնակիցներ, այնպիսի տնտեսական տարածքի մաս պետք է լինի, որը Հայաստանին կապահովի` դիվերսիֆիկացիա, տնտեսության ճյուղեր, որն ինքնին կստեղծի աշխատատեղեր։ Հայաստանը պետք է կարողանա նաև այդպիսով ձեռք բերել քաղաքական դաշնակիցներ, որոնց օգնությամբ կարող է իր ինքնիշխանության մակարդակը բարձրացնել։ Եթե մի պետություն չունի ինքնիշխանության, անվտանգության բավարար մակարդակ, նա չի կարող ձգող գործոն դառնալ այլ երկրում ապրող իր հայրենակիցների համար, որքան էլ որ նրանք հայրենասիրական մղումներով են օժտված։ Բերեցիք Իսրայելի օրինակը, բայց Իսրայելն ինքնուրույն, անկախ պետություն է։ Այստեղ է գաղտնիքը։

Տիգրան Հակոբյան.- Բայց անվտանգության առումով բավական խոցելի էր այն ժամանակ, երբ մեծ հայրենադարձության հոսքերն իրականացվում էին։

Աշոտ Եղիազարյան.- Հասկանալի է, սկսել են` դժվար է եղել, բայց հետագայում աստիճանաբար իրենք կարգավորել են այդ հարցերը, և հասել են անվտանգության այնպիսի աստիճանի, որ Իսրայելում ներդրումներ անելն անվտանգ և երաշխավորված է։ Իսրայելում ամեն տարի բյուջեն քննարկելիս` մեծ քննարկում է լինում, թե որքան հատկացնել պաշտպանական կարիքներին. կոնցեպցիան հետևյալն է` այնքան, որքան հարկավոր է երկիրն անվտանգ համարելու համար։ Եթե երկիրը համարվի ոչ անվտանգ, ապա այդ երկրում ոչինչ չի լինի. այդ երկրի բնակչությունն էլ կարտագաղթի, ներդրումներ էլ չեն լինի, և ընդհանրապես, անկախության մակարդակը սերտորեն կապված է տնտեսական հզորության, տնտեսական ներուժի հետ։ Տեսեք` մի փոքրիկ Հայաստանի փոքրիկ շուկան, այնուամենայնիվ, բաժանված է, և տնտեսական ռեսուրսներ ունեցողներն ունեն նաև քաղաքական իշխանություն։ Աշխարհում նույնպես բաժանված են շուկաները, և երկիրը, որն ավելի ազդեցիկ է, ավելի մեծ բաժին է ստանում գլոբալ տնտեսությունից։ Իսկ մեծ բաժին, նշանակում է` ինտեգրվում ես այնպիսի արտադրական շղթաների մեջ, որոնք քեզ ապահովում են աշխատատեղերով։ Այսպիսի պայմաններում, երբ մենք մեզ կցել ենք Ռուսաստանին, աշխատատեղերը կկրճատվեն։

Տիգրան Հակոբյան.- Եկեք` «պետք» է, «անհրաժեշտ է» ձևակերպումներից դուրս գանք, դրսում նույնիսկ ասում են` «Ելք չկա» մակագրությունն արգելված է որոշ տեղերում։ Ձեր ասածից դուրս է գալիս, որ ելք չկա, և ես զգում եմ, որ պարոն Մարաշլյանը  Ձեզ հետ համաձայն չէ։

Վարդան Մարաշլյան.- Ես ուղղակի մի հարց եմ ուզում տալ. ըստ Ձեր տրամաբանության` փաստորեն պետք է այնպես ստացվեր, որ ամբողջ հայությունն այսօր պետք է ապրեր Շվեդիայում և Նորվեգիայո՞ւմ։ Այսինքն` Ռուսաստան գնացած հայը, հասկանալով, որ Շվեդիայում և Նորվեգիայում վիճակը շատ ավելի լավն է, պետք է գաղթեր այնտեղ, ինպես նաև` Ամերիկայից։ Բայց դա տեղի չի ունեցել, չէ՞։ Երկրորդ` Իսրայելը երբ որ ստեղծվում էր, մեղմ ասած` 1946-47թթ. 200-250 հազար մարդ տարեկան գալիս էր երկիր, անմիջապես գտնվում էր պատերազմական իրավիճակում, շատ բարդ պայմաններում, այնտեղ երկիր չկար, անապատ էր, և ամեն դեպքում կառուցեցին երկիրը։

Եվ երրորդ` ենթադրենք, եթե մենք 1920-ականն թվականներին, երբ Ալեքսանդր Թամանյանը և մյուսները եկան,  կամ 1946-47 թվականներին նույնպես այն երկիրը չկար, որի մասին Դուք խոսում եք, սակայն, այն, ինչ մենք այսօր ունենք, նաև շնորհիվ այդ մարդկանց ունենք։ Դուք վստա՞հ, որ տնտեսական բազիսը հիմնական պատճառն է`  հայրենադարձության տեղի ունենալու կամ չունենալու, և վստա՞հ եք, որ անպայման պետք է ստեղծվեն պայմաններ, նաև` ֆինանսական, որ մարդիկ գան։ Իմ կարծիքով` հակառակը` գալիս են առաջին հերթին այն մարդիկ, որոնք հնարավորություններ ստեղծող են, այլ ոչ թե նրանք, որոնք հնարավորություններից օգտվող են։ Եվ, փառք Աստծո, այսօր համաշխարհային տնտեսությունն այնպիսին է, որ այդպիսի մասնագետներ կան։ Կարող եք Կարեն Վարդանյանին հարցնել, թե որքան ծրագրավորող է այսօր շուկային պետք և չկա։ Այսինքն` արդյո՞ք չենք կարող կազմակերպել` սկսել գոնե պրոֆեսիոնալ հայրենադարձությունը` ծրագրավորողների ուղղությամբ, և դա մի հսկայական ճյուղ է, որ իր հերթին` կարող է բերել շատ ավելի լուրջ տնտեսական զարգացման։

Աշոտ Եղիազարյան.- Եկեք` նախ ծրագրավորողներին չխառնենք այս հարցին. ծրագրավորողները սերտորեն ամերիկյան ընկերություններում ինտեգրված են, և դա այն եզակի ճյուղերից է, որը շնորհիվ ամերիկյան ընկերությունների` զարգացում է ապրում Հայաստանում։ Դուք շատ լավ բան նշեցիք` ծրագրավորումը կամ այլ զարգացած ուղղությունները կան միայն Արևմուտքում, և եթե միայն Հայաստանը կարողանա միջազգային հարաբերություններում դիրքավորվել, ճշտել իր դաշնակիցներին, հայկական քաղաքական դասը կարողանա սերտ հարաբերությունների մեջ լինել արևմտյան քաղաքական դասի, քաղաքական համակարգի հետ, այդ ժամանակ Հայաստանում այդ հնարավորությունները կստեղծվեն։

Բայց ես միայն չնշեցի, որ տնտեսական նախադրյալներն են հայրենադարձության միակ պատճառը, ես նշեցի և համաձայնեցի, որ անվտանգության բաղադրիչը ևս շատ կարևոր է, քաղաքական, սոցիալ-քաղաքական, հոգեբանական բաղադրիչները` ևս։ Այս ամենը սերտորեն կապված են։ Միայն այս գործոնները կարող են ձգող ուժ դառնալ հայրենադարձության համար։ Երբ հայը զգա, որ թիկունքում կա ինքնիշխան Հայաստան, ինքն իրեն ուժեղ կզգա, և նաև` իր գործունեության ոլորտներն էլ կփոխվեն, իր աշխարհայացքն ու հորիզոնն էլ կփոխվի, մենք կունենանք ընդհանրապես այլ պատկեր։ Բայց այսօր ի՞նչ է ստացվում. արդեն նշեցի` 6 մլն-ը` ռուսական քաղաքականության պատանդ, մնացածը, ըստ էության` հանդիսատես։ Առավելագույնը զբաղվում են Հայ Դատի հարցերով, բայց միջազգային ճանաչումն էլ չի լինի, որովհետև դրա համար սուբյեկտին պետք է տեսնեն. սուբյեկտը Հայաստանն է` անկախ Հայաստանը։ Այս դեպքում իրավիճակը կարող է միանշանակ փոխվել։

Տիգրան Հակոբյան.- Ամեն դեպքում, ես կարծում եմ, որ Հայաստանն ապրելու համար շատ ավելի անվտանգ է, քան Օմսկում կամ Պեմզայում ապրող հայի համար։ Այդ առումով, քանի որ Դուք Ռուսաստանից եք, պարոն Գալստյան, լսելով մեզ և հաշվի առնելով Աշոտ Եղիազարյանի այդ թեզը, որ գտնվելով ռուսական ազդեցության տակ` դժվար է գրավիչ երկիր սարքել` հայրենադարձության համար, ի՞նչ կասեք։

Արեգ Գալստյան.- Առաջին հերթին` կնշեի այն փաստը, որ հիմա այն համակարգային խնդիրները, որոնք կան Հայաստանում, շատ լուրջ, համակարգային մոտեցումներ են պահանջում։ Ես կսկսեի ոչ թե հայրենադարձության հարցից, այլ Հայաստանի քաղաքացիներին հայրենիքում պահելու հարցից։ Այսինքն` անհրաժեշտ է այնպիսի համակարգային մոտեցում, որ այն մարդիկ, որոնք այստեղ ապրում են, կարողանան իրականացնել իրենց պոտենցիալը` գտնվելով Հայաստանի տարածքում։ Բայց միանշանակ համամիտ եմ, որ չափազանց կարևոր են անվտանգության հարցերը, այն հարցերը, թե ինչպես է Հայաստանը միջազգային հանրությանը` որպես սուբյեկտ ներկայանում, կամ որպես օբյեկտ, որի շուրջ վերադասավորվում է որոշակի տարածաշրջանային ռազմավարական կոնցեպցիա։

Ցավոք, հիմա ես չէի փորձի պնդել, թե Հայաստանը համարվում է նպատակաուղված սուբյեկտ` միջազգային հարաբերություններում։ Հետևաբար` ելնելով դրանից, պետք է շատ հստակ պետական դիրքորոշում բոլոր հարցերում, այդ թվում` հայրենադարձության հարցում։ Բայց ես դեռ ոչ մի փաստաթուղթ կամ հայտարարություն, մոտեցում չեմ տեսել` կապված նրա հետ, թե ինչպե՞ս է պետությունը տեսնում հայրենադարձությունը, որովհետև Հայաստանն այսօր օբյեկտիվորեն մարդկային զանգվածի կարիք ունի։ Ուզո՞ւմ եք դա, թե՞ ոչ, բայց այսօր անհրաժեշտ են մարդիկ, որոնք կկանգնեն սահմանին, որոնք գյուղատնտեսական գործունեություն կծավալեն, որոնք կզարգացնեն բարձր տեխնոլոգիաները։

Ես իմ գործընկերոջ հետ որոշ հարցերում համամիտ եմ, որ Ռուսաստանի չափից շատ ազդեցությունը վնասում է Հայաստանին, բայց ոչ միայն Ռուսաստանի պարագայում. Ցանկացած երկրի չափից շատ ազդեցությունը Հայաստանի վրա` միշտ բացասական ազդեցություն է ունենալու։ Պետք է լինեն տարբեր ուղղություններ, պետք է լինի որոշակի դիվերսիֆիկացիա` ցանկացած ուղղությամբ։ Դա նաև ներքին քաղաքականության մեջ, ինչպես` ձեզ մոտ, որ կա ներքին մենաշնորհ, ինչը շատ վատ է, որովհետև չկա մրցակցություն և ոչինչ չի զարգանում։ Նույն բանն արտաքին քաղաքականության մեջ է. եթե դուք գտնվում եք միայն մի պետության ազդեցության գոտում, և գործնականորեն կտրված եք ամբողջ աշխարհից, ապա, անխոս` դա վատ է։

Չպետք է լինեն նաև արտաքին մոնոպոլիստներ։ Բայց դա հայկական իշխանությունների խնդիրն է, այլ ոչ թե Ռուսաստանի։ Ռուսաստանն ունի իր ազգային հետաքրքրությունները, իր նպատակներն ու հանձնարարությունները, եթե Հայաստանը թույլ է տալիս այդպես իր վրա ազդել, նշանակում է` պետք է ինչ-որ բան վերանայել։ Հայաստանին անհրաժեշտ է համագործակցել և՛ Ռուսաստանի հետ, որովհետև, հավատացեք, Ռուսաստանում նույնպես կան բավականին բարձր որակավորում ունեցող հայազգի փորձագետներ, բացի այդ` այսօր Հայաստանում բարեգործությամբ, զգալի աստիճանով զբաղվում են հայկական ծագում ունեցող ռուսները, որովհետև այսօր եթե մենք նայենք վիճակագրությունը, Հայաստան եկող բարեգործական ֆինանսական միջոցները Ռուսաստանից ավելի շատ են, քան Եվրոպայից, Ամերիկայից  և Լատինական Ամերիկայից` միասին վերցրած։ Այս գործոնը ևս անհրաժեշտ է հաշվի առնել։ Դրա համար մենք պետք է վերցնենք տարբեր մասերից միայն ամենալավը. ուզում ենք նոր տեխնոլոգիանե՞ր, խնդրեմ, դիմում ենք Արևմուտքին, ուզում ենք մեքենաշինության կամ նմանատիպ այլ փորձագետներ, դիմում ենք Ռուսաստանի հայկական Սփյուռքին։ Բայց այստեղ ևս մի կարևոր պահ կա. պետք է հասկանալ` ինչ է Սփյուռքը։ Մենք փորձե՞լ ենք հասկանալ, թե ինչ է Սփյուռքը, և կարո՞ղ ենք ընդհանրապես խոսել Սփյուռքի մասին։ Ի՞նչ է դա` սոցիալական, քաղաքական իմաստով։ ԱՄՆ-ում կան իրար մեջ մրցակցող երեք կուսակցություններ` Սփյուռքի ներսում, որը որոշակիացնում է նրա մյուս ուղղությունները, և այդ կուսակցությունները շատ հարցերում համակարծիք չեն լինում։ Եվ չի կարելի մտածել, թե Սփյուռքում ապրում են մարդիկ, որոնք ամբողջ օրը մտածում են միայն Հայաստանի մասին. այդպիսի բան գոյություն չունի։ Սփյուռքում նույնպիսի մարդիկ են` նույնպիսի ամբիցիաներով, նույնպիսի հանձնարարություններով և նույնպիսի կլանային քաղաքականությամբ։ Այդ քաղաքականությունն ու նրա հետաքրքրությունները կարող են չհամընկնել Հայաստանի ազգային հետաքրքրություններին, դրա համար ես դեմ եմ նրան, որ Հայաստանում գոյություն ունենա հայկական Սփյուռքի պալատ, որովհետև Դուք հաշվի առեք, որ նրանց մասին պետք է խոսել ոչ միայն` որպես էթնիկ հայերի, այլ նաև` որպես ԱՄՆ-ի կամ այլ երկրների քաղաքացիների, որոնց հետաքրքրությունները հստակ ռիսկեր են պարունակում Հայաստանի համար` որպես պետություն։ Այսինքն` մենք պետք է հստակ հասկանանք, որ Սփյուռքը միայն գեղեցիկ բառ չէ, այն պետք է լինի շատ հստակ ընդգծված` քաղաքական դիրքորոշմամբ ու բոլոր ռիսկերի հաշվարկներով, և միայն այդ ժամանակ կարելի է խոսել ինչ-որ կոնկրետ բաների մասին։

Տիգրան Հակոբյան.- Ես կուզենայի` մեր զրույցը ոչ թե տեսական զրույց լիներ` պրոբլեմների մասին, այլ մենք կիսվեինք նաև այն դրական օրինակներով, որոնք տեսանելի են այս վերջին տարիներին։ Այդ առումով, չեմ կարծում` պարոն Մարաշլյանից ավելի լավ ներկայացնող լինի այդ խնդիրները և դրանց լուծման բանալիները։

Վարդան Մարաշլյան.- Իհարկե, հայրենադարձությունը տեղի ունենում է. մենք տարեկան ունենք մոտավորապես 1000-1500 մարդ, որ կամավոր տեղափոխվում է Հայաստան։ Հիմնականում երիտասարդներ են` լավ կրթություն ստացած, նոր գաղափարներով։ Իրականում, վերջին 5 տարվա ընթացքում այն փոփոխությունները, որ մենք տեսնում ենք հասարակական, տնտեսական և այլ ոլորտներում, լինի դա բարձր տեխնոլոգիաներ, գինեգործություն, տուրիզմ, կրթություն և մի շարք այլ ուղղություներ, հայրենադարձներն առաջատար դիրքերում են գտնվում։ Իրենք են հանդիսանում Հայաստանը մեծ աշխարհին կապող օղակը։

Մեր գլոբալ խնդիրը հետևյալն է. մենք միշտ լինելով գոյատևման ռեժիմի մեջ` տակտիկական և գոյատևման մոտեցումները մեզ մոտ ամեն տեղ շատ-շատ են, և մենք ճկուն չենք, մենք չենք փոխում այդ մոտեցումները։ Եկեք նայենք երրորդ հարցը, որ մենք չենք քննարկել, օրինակ` ինչպիսի՞ն է Սփյուռքի ապագան, եթե ամեն ինչ մնա այնպես, ինչպես մնում է։ Եկեք մի կողմ դնենք Հայաստանը, փորձենք հասկանալ, օրինակ` 2050 թվականին, եթե ամեն ինչ շարունակվի այս ձևով, ինչպիսի՞ Սփյուռք ենք մենք ունենալու` քանակի, տեսակի, ռեսուրսների իմաստներով, և կհասկանանք, որ, եթե այսպես շարունակվի, ապա, մեծ հավանականությամբ, մենք լուրջ խնդիրներ ենք ունենալու` թե՛ Սփյուռքում, թե՛ Հայաստանում։

Ինչպե՞ս անենք, որպեսզի դա տեղի չունենա։ Մինչև ֆիզիկական տեղափոխումը Հայաստան` պետք է տեղի ունենա գիտակցաբար կապը Հայաստանի հետ, և հոգևոր հայրենադարձությունը։ Դա նշանակում է, որ Սփյուռքը և մենք պետք է հասկանանք` դրսում հայ մնալու համար գրավիչ պետություն ունենալը դառնում է համար 1 խնդիր։ Հայկական ինքնագիտակցության առաջին կետը լինելու է Հայաստանի Հանրապետությունը, ոչ թե Արցախը, որն առանձին պետություն չէ, ՀՀ մի մասն է, ուղղակի մենք, պայմանականորեն, դա համարում ենք առանձին պետություն։ Հնարավորությունները կան` եղած տարածքում և նույնիսկ եղած քաղաքական վիճակում կառուցել ճիշտ երկիրը, որը գրավիչ կլինի։ Պարզ է, ամբողջ Սփյուռքը չի կարող տեղափոխվել, և դա միգուցե և սխալ կլիներ, բայց պրոֆեսիոնալ և որակական հայրենադարձությունը կարող է երաշխավորել, որ այդ պրոցեսները շատ ավելի արագ ու ճիշտ տեղի ունենան, և երաշխավորել, որպեսզի Սփյուռքը կապված լինի Հայաստանի հետ` նաև այդ հայրենադարձների հոսքի պատճառով։

Այսինքն` գլոբալ իմաստով` մեզ պետք է ձևավորել հայաստանակենտրոն ինքնագիտակցություն, ամեն ձևով տարածել դրսում, ձևավորել ծրագրեր` ճանաչողական, կրթական, պրակտիկա անցնելու, կամավորական և այլ տեսակի, որոնցով մենք տարեկան կտրվածքով հարյուր-հազարավոր հայերի դրսից` կապելու ենք Հայաստանի հետ, ներառյալ` հայրենադարձությունը։ Իսրայելն այդպես է անում. այնտեղ հրեաները չեն տեղափոխվում միայն այն պատճառով, որ դա Իսրայելն է, այլ տեղափոխվում են, որովհետև հարյուր-հազարավոր մարդկանց Իսրայելն անվճար (հիմնականում` Սփյուռքի հաշվին) բերում է Իսրայել, ծանոթացնում է երկրի հետ, ծանոթացնում է բոլոր ճյուղերի հետ, ցույց է տալիս` որոնք են այդ հեռանկարային ուղղությունները, և կազմակերպում է նաև հայրենադարձություն։ Այսինքն` գլոբալ իմաստով` մինչև մենք այդ խնդիրը չդնենք, չփորձենք հասկանալ` 2050 թվականին ինչ է լինելու, մենք ինչ ենք ուզում, որպեսզի գոյատևենք, հասնենք հաջողության, օրինակ` դնենք նպատակ, որ մեզ պետք է 4 կամ 5 մլն բնակչություն Հայաստանում և Արցախում…

Աշոտ Եղիազարյան.- Իսրայելը ԵՏՄ-ում չէ, դրա համար էլ ստացվում է։

Վարդան Մարաշլյան.- Գիտե՞ք` միշտ կարելի է պատճառներ գտնել և ասել, թե ինչու է այդպես։

Տիգրան Հակոբյան.- Կներեք, ես մի օրինակ բերեմ. Լատվիան գտնվում է ԵՄ կազմում, և արտագաղթի տեմպերը շատ ավելի մեծ են, քան Հայաստանում։ Այսինքն` եթե մենք նույնիսկ այլ քաղաքական, ռազմական դաշինքում լինեինք, դա դեռ երաշխիք չէր, որ Հայաստանը չէր դատարկվի։ Ես մի օրինակ բերեմ, և կուզենամ լսել ձեր բոլորի կարծիքը։ Դեկտեմբերին, արդեն ապրիլյան պատերազմից, հուլիսյան հուզմունքներից հետո, որոնք խթանիչ ուժ պետք է լինեին ձեր հարցադրումներին պատասխանելու` ի՞նչ պետք է լինի Հայաստանում, ինչպե՞ս պետք է զարգանա Հայաստանը, Փարիզում հավաքվում են շատ հարգելի մարդիկ` եկեղեցականներ, քաղաքական գործիչներ, և Հայ Դատի գործունեության համար հավաքում են 3.5 մլն դոլար։ Չէի ասի, որ շատ գումար է, բայց խնդրեմ` ասեք` այդ 3.5 մլն դոլարով քանի՞ մարդ կարելի էր բերել այդպիսի ծրագրով և ծանոթացնել Հայաստանին։ Միգուցե կարելի էր մեկ բնակելի ավան կառուցել և այստեղ հրավիրել այն սիրիահայերին, որոնք անտուն և անգործ են մնացել, միգուցե կարելի էր դրանով զենք առնել կամ երկու գումարտակ կամավոր բերել ու կանգնեցնել Քարվաճառում կամ Աղդամում։ Հասկանո՞ւմ եք` առաջնությունների խնդիրն է։ Մենք միշտ ասում ենք` պետք է, պետք է, անհրաժեշտ է. ինչպե՞ս։ Ինչպե՞ս բացատրել։

Մարիա Թիթիզյան.- Իսկ իշխանությունն ի՞նչ է անում։

Տիգրան Հակոբյան.- Եթե մենք միշտ իշխանության և նրա  անելիքների  մասին խոսենք` մենք կպարտվենք։ Մենք խոսում ենք հանրային կառույցների մասին. տեսեք` իշխանությունները չեն մասնակցել այդ դրամահավաքին, դա հանրային պահանջն էր շատ-շատ հայրենակիցների։

Մարիա Թիթիզյան.- Ո՞ր հանրության պահանջն է։

Տիգրան Հակոբյան.- Ո՞ր հանրության պահանջը. այն հանրության, որոնք գնացել էին ճաշկերույթի և առանց որևէ խնդրի` հրաժեշտ են տվել իրենց  50 հազար, 100 հազար կամ 10 հազար դոլարին։ Երբ նույն ճաշկերույթը լիներ Փարիզում, և գումար հավաքեին իմ ասած խնդիրների համար, միգուցե դրա 10%-ը չհավաքվեր։ Առաջնահերթությունների խնդիրն է. ինչպե՞ս անել, որպեսզի այս գաղափարները, որոնք կնպաստեն Հայաստանի ժողովրդագրական վիճակի բարելավմանը, սկսեն հայաստանցիների և Սփյուռքի կառույցների համար առաջնահերթություններ դառնալ։

Մարիա Թիթիզյան.- Նախ ասեմ, որ «Repat Armenian»-ն այն քիչ կառույցներից է, որ իսկապես փորձում է ինչ-որ եղանակ ստեղծել և փոխել։ Բայց իրենց շեշտադրումը որակյալ հայրենադարձության մասին է։ Ես ուզում եմ մի դիտարկում անել. այսօր Հայաստանը` Երևանը, կորիզն է հայ ազգի, ճի՞շտ է։ Ես այդպես եմ համարում։

Վարդան Մարաշլյան.- Ճիշտ եք համարում, բայց բոլորը համաձայն չեն լինելու Ձեր ասածի հետ։

Մարիա Թիթիզյան.- Ես համարում եմ, որ Հայաստանն այսօր մեր ազգի կենտրոնն է, բաբախող սիրտն է, և սփյուռքահայը, որպեսզի ուզենա գալ, անպայման չէ, որ աշխատանք լինի, որ ամսական 2000 դոլար վաստակի, ինքը պետք է հպարտանա Հայաստանով։ Հայաստանը չպեստք է լինի ձախողված պետություն, չպետք է ունենա համատարած կոռուպցիա, չպետք է ունենա իշխանություն, որ ժողովրդի հետ չի բանակցում, չի քննարկում։ Այս խնդիրները պետք է լինեն։ Ուզում եմ հարց տալ. որակյալ հայրենադարձությունը շատ լավ է, իսկ սիրիահայությա՞ն վիճակը, կամ իրաքահայության մասին խոսենք, որովհետև սիրիահայությանն օգնելու ինչ-որ փորձեր գոնե եղան։ Եթե ինքն է կորիզը, ինչպես ես եմ դիտարկում, ինքը ինչպե՞ս է պաշտպանելու, պահպանելու իր Սփյուռքը, իր աշխարհասփյուռ հայությունը, որն այսօր վտանգի մեջ է Միջին Արևելքում` Սիրիայից սկսած` վերջացրած Եգիպտոսով։ Ի՞ն է անում Հայաստանը։ Դրա համար ես անընդհատ իշխանությանն եմ գալիս։ Անընդհատ Իսրայելի օրինակն եք բերում. հոգնել եմ արդեն Իսրայելի օրինակից, ես չեմ ուզում Իսրայելի նման պետություն լինել։

Տիգրան Հակոբյան.- Ուրիշ օրինակ բերեք։

Մարիա Թիթիզյան.- Ես ուզում եմ` մենք մեր օրինակը ստեղծենք։ Ես դրա համար եմ ասում` եղանակ ստեղծողը Հայաստանը պետք է լինի։ Սփյուռքն այսօր բազմաբնույթ, բազմաշերտ, բազմատեսակ միավոր է, դու չես կարող մեկ ծրագիր ուղղել Սփյուռքին։ Սփյուռքն այսօր մտավորականության, դպրոցներ պահելու խնդիր ունի, լեզու պահելու խնդիր ունի, արևմտահայերենն այսօր վտանգված լեզու է։ Մեր ժառանգության մաս է կազմում։

 

Տիգրան Հակոբյան.- Շատ ճիշտ եք, բայց ինչո՞ւ ես չեմ ուզում խոսել կառավարության կամ իշխանության մասին։ Եթե լինեին քաղաքական ուժեր կամ կառույցներ, որոնք այս հարցի մասին կխոսեին որպես առաջնություն, առաջիկա ընտրություններում կկարողանայինք գնալ և ամբողջ ժողովրդին կոչ անել` ձայները տալ այդ ուժին։ Որևէ քաղաքական ուժ` ո՛չ ընդդիմադիրներից, որոնք ուզում են գալ իշխանության, ո՛չ իշխանական ուժերից, այս հարցը չեն բարձրացնում։ Ուրեմն` դա օրակարգում չկա։ Մեր  խնդիրն է` դա օրակարգ դարձնել։ Եթե դա օրակարգում լիներ, մենք իշխանություններին կպարտադրեինք դրանով զբաղվել, բայց դրա պահանջն այսօր չեմ տեսնում։ Այսօր մենք հավաքվել ենք` նաև դրա մասին խոսենք։ Մենք ցանկացած փաստարկում բերում ենք, թե ինչու այն չկա, բայց դա մեզ չպետք է կանգնեցնի` այդ հարցը լուծելու համար։

Կարեն Վարդանյան.- Իմ կարծիքով` մենք ի սկզբանե ազնիվ չենք, և մեր խնդիրները գալիս են այդտեղից։ Միլիոնուկես մարդ են կոտորել, ակնհայտ է, որ մեր համար առաջին մեղավորը մենք ենք։ Մենք որևէ քննակում չունենք սփյուռքի առաջացման պատճառներից` մինչև ցեղասպանությունը, երբ տերտերներն 1800-ական թվականներին 2000 մարդ հավաքում էին` տանում Դաղստանները, Հյուսիսային Կովկասները, մենք դա չենք քննարկում, դա չենք վերցնում մեզ վրա, որովհետև մենք ուզում ենք մաքուր լինենք։ Մենք անընդհատ ստում ենք, ու խոսքը վերաբերում է նաև սփյուռքի հարցին։ Չեմ ուզում որևէ մեկին նեղացնել, ես խոսում եմ իմ բարեկամների մասին, որոնք արտագաղթել են 1990-ական թվականներից սկսած, ես գնում- տեսնում եմ` այդ մարդկանց համար ժամանակը կանգնել է։

Այսինքն` իրենք Հայաստանից դուրս են եկել 1990-ական թվականներին, և իրենց  մեծ մասի համար աշխարհը կանգ է առել 1990-ական թվականի վրա։ Անգամ, երբ նրանք  գալիս են Հայաստան, դրական փոփոխութունները չեն տեսնում և չեն ուզում տեսնել, որպեսզի սթրեսի մեջ ընկնեն։ Այս առումով` կտրուկ դեմ եմ, որ ինչ-որ արտաքին պայմանների պատճառով է, որ մեզ մոտ տնտեսությունն առաջ չի գնում։ Սրանք ընդամենը խնդիրներ են, որ մենք պատճառ ենք բերում, որ չաշխատենք։ Դա ձեզ ասում եմ ես` Կարեն Վարդանյանս, որի կազմակերպությունն այսօր Հայաստանի ամենավերջին գյուղերում ունի թվով 6000 10-17 տարեկան երեխա, որոնք գիտեն ծրագրավորել, եռաչափ մոդելավորել, ռոբոտաշինություն և այլն։ Ես հիմա բանակցում եմ գերմանացիների հետ, որ իրենք իրենց երկչափ գծագրերը տան մեր երեխաներին, որպեսզի այդ գծագիրը մեր երեխաները դարձնեն եռաչափ, ինտերնետով ուղարկեն, փողը ստանան։ Այս պարագայում ի՞նչ կապ ունի Եվրասիական տնտեսական միությունը (ԵՏՄ)։ Այսօրվա տնտեսությունն իր կառուցվածքով այնպիսին է, որ ԵՏՄ-ն շատ քիչ տեղեր ունի, բացի գործակալական հատվածներից, որտեղ գործակալական խնդիրներով է ինքը վերցրել, մնացած տեղերում ԵՏՄ-ն ի՞նչ կապ ունի։ Մեր գործընկերներից մեկը Երևանում ունի ընկերություն, որն այսօր պատրաստվում է Միացյալ Նահանգներում վաճառել կես միլիարդ դոլարով։ Ի՞նչ կապ ունի այստեղ ԵՏՄ-ն. ընդամենն աշխատել է պետք։

Աշոտ Եղիազարյան.- Իսկապես, Խորհրդային Հայաստանին սփյուռքը նայում էր` որպես հայրենիք, սիմվոլ, Հայկական լեռնաշխարհի մի մաս` «թող պահպանվի մեկուկես միլիոն զոհերից հետո» մտայնությամբ։ Ժամանակները փոխվեցին։ Խորհրդային Միության փլուզումը, Հայաստանի անկախության ձեռբերումը համընկավ այլ գլոբալ փոփոխությունների հետ. անորոշություններն ու անկայունությունը Մերձավոր Արևելքի սփյուռքյան օջախներում, որոնք ընդհանրապես ապրում էին համայնքային գիտակցության, մտածելակերպի շրջանակներում։ Ինչ վերաբերում է ամերիկյան սփյուռքին, քանի որ Ամերիկան ազատ երկիր է, հայերը կարող էին զբաղվել նաև որոշակի քաղաքականությամբ, բայց դա չանցավ Հայ Դատի պաշտպանության, հետապնդման քաղաքականությունից այն կողմ։ Խորհրդային Միության տարիներին դա հասկանալի էր, բայց դա անհասկանալի է հիմա։

Հայաստանից նաև արտահոսք տեղի ունեցավ Ռուսաստան` ավելի շատ տնտեսական դրդապատճառներով, և դա իր բացասական ազդեցությունն է նաև ունենում այսօր Հայաստանի ներքաղաքական կյանքի վրա։ Այնուամենայնիվ, Ամերիկայում նույնպես հայկական գաղութը մնում է նույն մակարդակի վրա, որ կար մինչև Հայաստանի անկախության ձեռքբերումը։ Հայաստանը կրկին դիտարկվում է որպես հայրենիք, ոչ թե անկախ պետություն։ Պատկերացրեք` Ամերիկայի գաղութի ներկայացուցիչներից մեկը` Հարութ Սասունյանը, իր հոդվածներում հայտարարում է, որ Հայաստանի համար լավ կլինի` Ամերիկայի և Ռուսաստանի հարաբերությունների բարելավման դեպքում։ Դա աբսուրդ է ուղղակի։ Ռուսաստանն ուզում է խլել մեզանից մեր անկախությունը, համենայն դեպս, ներկայիս Ռուսաստանը նման հավակնություններով է հանդես գալիս, պարզապես չի ուզում հայկական պետություն լինի։ Վաղն այն սեկտորը, որն ինչ-որ կերպ կապում է մեզ Արևմուտքի, ամերիկյան ընկերությունների հետ, վաղը դա էլ կխլեն մեզնից, եթե այսպես շարունակվի։

Կարեն Վարդանյան.- Հարութ Սասունյանն ասում է` եթե ամերիկացիները ռուսների հետ լավ լինեն, Հայաստանի վիճակն ավելի լավ կլինի, Դուք ինչո՞ւ եք վրդովվում, այդտեղ ի՞նչ վատ բան կա։

Աշոտ Եղիազարյան.- Որովհետև դա տրամաբանական հակասության մեջ է մտնում։ Ռուսաստանն այսօր խլում է քո ինքնիշխանությունը։ Ո՞վ պետք է օգնի քեզ ինքնիշխանությունը վերականգնել։

Տիգրան Հակոբյան.- Ինչպե՞ս անել, որպեսզի հայը հասկանա այն առաջնությունների կարևորությունը, որի մասին մենք խոսում են։ Հնարավո՞ր է դա, թե՞ ոչ. թե՞, միգուցե, Հայաստանի ընդհանուր ինքնությունը կառուցված է հենց անցյալի վերքերի վրա, և դա շատ դժվա՞ր է շտկելը։

Սուրեն Սարգսյան.- Իհարկե, անցյալի վերքերը պետք չէ մոռանալ, բայց դա նաև չի նշանակում, որ պետք չէ նայել դեպի ապագա։ Շատ ճիշտ գնահատական հնչեց, որ մենք շատ քիչ ուշադրություն ենք դարձրել և՛ իրաքահայությանը, և՛ սիրիահայությանը։ Մենք պատմական մի ժամանակաշրջանում ենք ապրում, երբ մեծ թվով սիրիահայեր և իրաքահայեր եկան Հայաստան, բայց մենք ոչինչ չարեցինք, կամ շատ քիչ արեցինք, որպեսզի նրանք մնան այստեղ։

Վարդան Մարաշլյան.- Նրանց մի մասը` 80 տոկոսը, 5 տարի էր` այստեղ էր։

Սուրեն Սարգսյան.- Ճիշտ եք, համաձայն եմ։ Ի դեպ, ասեմ, որ ի տարբերություն մեր պետության` Միացյալ Նահանգների կառավարությունը, Եվրոպական մկության կառավարությունը, ՄԱԿ-ը միլիարդավոր դոլարների աջակցություն է տալիս նույն Թուրքիային, որն իր տարածքում պահում է Սիրիայի փախստականներին։ Սիրիայի փախստականները, որոնք այսօր բնակվում են Թուրքիայի տարածքում, ստանում են նույնիսկ կանխիկ ֆինանսական աջակցություն։ Օրինակ, Եվրոպական միությունը 3. 3 միլիարդի ֆինանսական աջակցություն է տվել, ես չգիտեմ` արդյոք Հայաստանը դիմե՞լ է ԵՄ-ին նման խնդրանքով, ես չգիտեմ` արդյոք Հայաստանը ԱՄՆ-ին դիմե՞լ է նման խնդրանքով։ Ես գիտեմ, որ Ռեքս Թիլերսոնը լսումների ժամանակ ասաց, որ մենք պետք է աջակցենք Սիրիայից Հայաստան տեղահանվածներին։ Առաջին անգամ ես նման հայտարարություն լսել եմ ԱՄՆ պետքարտուղարի թեկնածուից։ Սա ամենակարևոր հարցերից մեկն է, որի վրա մենք ուշադրություն չենք դարձրել։ Մեծ ծավալով մարդիկ գալիս են, կարծում եմ, նրանց մի մասը Հայաստանն օգտագործելու է` որպես ժամանակավոր ֆիզիկական անվտանգության խնդիրը լուծելու համար, և, ցավոք, հեռանալու է Հայաստանից։ Մենք նույնպես պետք է կարողանանք մտնել այս գործընթացների մեջ և Միացյալ Նահանգներից, ՄԱԿ-ից խնդրենք ֆինանսական նման աջակցություն, որը ես չեմ հասկանում` ինչո՞ւ չենք խնդրել։

Վարդան Մարաշլյան.- Իսկ մենք պատրա՞ստ ենք հյուրընկալել, ենթադրենք, ազգությամբ ոչ հայ սիրիացիներին։

Սուրեն Սարգսյան.- Ասեմ` Թուրքիայում հիմնական զանգվածը, որոնք Սիրիայից գնացել են, էթնիկ թուրքեր են։ Ես ասում եմ այն, ինչ մենք այսօր ունենք։ Հիմա մենք ունե՞նք 20 հազար Սիրիայի քաղաքացի, ունե՞նք միջազգային կառույցների աջակցությունը` նրանց այստեղ պահելու համար, տուն կառուցելու, բիզնես տալու, գումար տալու, և այլն։ Սրա վրա էլ պետք է ուշադրություն դարձնել։ Փոքր, լոկալ ծրագրեր կան, բայց Եվրոպական միությունից լավ` ոչ մեկն այդ ծրագիրը չի կարող անել։

Արեգ Գալստյան.- Շարունակելով գյուղատնտեսության ֆինանսավորման թեման, նշեմ, որ Ամերիկան ուներ այդպիսի ծրագիր, որը կլինի նաև այս տարի։ Այն ժողովրդավարության զարգացմանն է օժանդակում. դրա շնորհիվ որոշակի քանակությամբ գումար է դուրս գրվում և ուղղվում Հայաստանին։ Առանձին գումարային միջոցներ ԱՄՆ-ից չեն տրամադրվում, Եվրոպայից` նույնպես, բայց Հայաստանն այդ խնդրով նրանց չի էլ դիմել։ Սփյուռքը ևս այդ  հարցը չի բարձրացրել։ Ամերիկահայությունն այդ հարցը բարձրացրել է, որպեսզի որոշակի գումար հատկացվի, բայց դա ծիծաղելի գումար է` մոտ 40 մլն դոլար, կարելի էր ավելի մեծ գումար հատկացնել, ինչպես Թուրքիայի պարագայում է։

Պատասխանելով Ձեր հարցին` նշեմ, որ առաջին հերթին` խնդիրը մեր գլխում է, որովհետև հայկական Սփյուռքում այսպիսի յուրահատկություն կա` շատ լուրջ ու մեծ պահանջներ` հենց Հայաստանից, ցավոք սրտի։ Օրինակ` մենք կարող ենք գնալ ԱՄՆ կամ Ֆրանսիա, ամեն ինչ զրոյից սկսենք, նույնիսկ` ամենածանր պայմաններով, բայց Հայաստանում այդ նույն աշխատանքներն ու հնարավորությունները մենք չենք ցանկանում օգտագործել, որովհետև, չգիտես ինչու, կարծում ենք, որ Հայաստանում ամեն ինչ պետք է պատրաստ լինի, և մենք օգտագործենք այն, ինչ արդեն մեկ ուրիշը ստեղծել է։ Այստեղից հարց է առաջանում` իսկ ո՞վ պետք է ստեղծի այն, ինչ դուք ուզում եք օգտագործել։ Այդպիսի դիրքորոշումը` երբ դու չես ցանկանում արտադրանքի ստեղծման գործընթացին մասնակցել, բայց պահանջում ես արտադրանքը, փակուղային է։ Դու դժվար ուղի ես անցնում այլ երկրում` քննադատելով քո երկիրը, բայց չես ուզում նույն բանն այստեղ անել։

Սա ավելի շատ հոգեբանական, իդեոլոգիական արգելք է, որից պետք է ազատվել, և այդ ժամանակ հարցը կլուծվի։ Բայց դրանից ազատվելու համար, կարծում եմ, անհրաժեշտ է, որ հայ հասարակության ղեկավար շրջանակները շատ լուրջ գաղափարական աշխատանք տանեն։ Բայց իշխանությունները հետաքրքրված չեն նրանում, որ տանեն այդ աշխատանքը։ Նրանք ունեն իրենց նպատակները, առաջադրանքները, որոնք լուծում են։ Հիմա նույն բանը Ռուսաստանում է։ Ոչ ոք հայ երիտասարդների հետ աշխատանք չի տանում` ցույց տալու համար Հայաստանի ձեռքբերումները, Հայաստանում կատարվող փոփոխությունները, ցույց տալու համար, որ Հայաստանը պետություն է, որ այդ պետությունը պատմական ճանապարհ է անցել։ Մենք չպետք է մոռանանք, թե ինչ պայմաններում ենք գտնվում, ինչպիսի թշնամիներով ենք շրջապատված, և հաշվի առնելով այն, ինչ հիմա Հայաստանում կա, որ Հայաստանն այսօր ապրում ու ինչ-որ կերպ զարգանում է, հավատացեք` ցանկացած այլ պետություն, գտնվելով նմանատիպ պայմաններում, չէր գոյատևի։

Ինչ վերաբերում է Իսրայելի օրինակին, ապա այնտեղի Սփյուռքի հարցերով զբաղվող փորձագետներն ասում են, որ իրենք գումար են հավաքում ոչ միայն իսրայելցիների համար, այլև Իսրայելում ապրող տարբեր ազգերի համար, և նրանց իսրայելցի են դարձնում։ Նրանք ստեղծում են քաղաքական ազգ, որոնք հետևում են Իսրայելի օրենքներին, ապրում իսրայելական ավանդույթներով, ծառայում իսրայելական բանակում` անկախ իրենց էթնիկ ծագումից։

Կարծում եմ, որ մենք առաջին հերթին` պետք է մտածենք քաղաքական կատեգորիաներով, այլ ոչ թե էթնիկ։ Հայը պետք է դառնա քաղաքական տերմին, քաղաքական ազգ։ Եվ իմ կարծիքով` քրդերը կամ հույները, որոնք ծառայում են հայկական բանակում և զենքը ձեռքին` սահման են պահում, ավելի շատ արժեք ունեն Հայաստանի Հանրապետության համար, քան հայազգի հայտնի երգիչը, որը հարյուր միլիոնավոր դոլարներ է աշխատում Լոս Անջելեսում։ Դա իմ կարծիքն է։ Ո՞վ է նրանցից ավելի շատ հայ. այն էթնիկ քո՞ւրդը, որը զենքը ձեռքին` կանգնած է սահմանին, թե՞  Լոս Անջելեսում միլիոններ աշխատող երգիչը։

Տիգրան Հակոբյան.- Մենք խոսեցինք տարբեր նախաձեռնությունների մասին։ Ուզում եմ հիշեցնել բոլորին սփյուռքահայ մտավորականների «Citizen Observers» նախաձեռնությունը։ Նրանք նախաձեռնել են Հայաստանում իրականացնել գալիք խորհրդարանական ընտրությունների դիտորդական առաքելությունը։ Անձամբ ինձ համար մի քիչ կասկածելի է թվում այդ առաքելությունը, որովհետև ես կարծում եմ` նման մեծ հնարավորությունների, ռեսուրսների և ճանաչելիության մարդիկ, ինչպիսիք են Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը և մյուսները, ավելի շատ օգտակար կլինեին Հայաստանի ոչ թե քաղաքական ոլորտում, այլ իրենց ստեղծագործ ոլորտում։ Այսինքն` մասնակցեին ինչ-որ գաղափարախոսական արարողության, որը կնպաստեր նույն հայրենադարձությանը։ Բայց իրենց մեսիջների մեջ նորից չկա հայրենադարձության խնդիրը։ Ասում են` գալիս ենք, հետևում ենք ընտրություններին, և, եթե, օրինակ, ընտրություններն անցնում են առանց որևէ լուրջ չարաշահումների, ուրեմն` Հայաստանը ևս մեկ քայլ է արել դեպի ժողովրդավարություն և իրական անկախություն, ապա մենք բոլորս  գալիս և մնում ենք Հայաստանում։

Այս նոր Ընտրական օրենսգրքից հետո` ընտրատեղամասերում այդ խարդավանքների նախկին հնարավորությունները մինիմալիզացված են։ Այսինքն` եթե նույնիսկ մեծ չափի անազնիվ մեթոդների դիմեն, դա լինելու է ընտրատարածքներից դուրս։ Այդ հազարավոր դիտորդները, որոնք շատ ազնիվ մարդիկ են, կգան-կհետևեն ընտրություններին, ոչ մի  բան չտեսնելով` ստիպված կլինեն լեգիտիմացնել այդ ամբողջ գործընթացը` չտեսնելով` որտե՞ղ է ամբողջ խարդախությունը, և այդ մեծ ռեսուրսը, ցանկությունը` ինչ-որ բանով օգնել, այդքանով կավարտվի։ Պարոն Մարաշլյան, որպես այդ գործընթացների մասնակից, ասացեք` միգուցե, Արսինե Խանջյանը, Ատոմ Էգոյանը, Սերժ Թանկյանը և մյուսներն ավելի լուրջ բան վերցնեին իրենց ուսերին։ Դա խաղալիքի է նմանվում` «ինձ նեղացրել են, հուլիսին ինձ մի քիչ բրթբրթել են, ես եկել եմ և ուզում եմ դրանով իմ հարցը լուծել ընդդիմությունից, իշխանությունից, հայ հասարակությունից»։ Միգուցե իրենց ռեսուրսն իսկապես ավելի՞ն է` Հայաստանում ինչ-որ բան անելու համար, ոչ թե ընտրությունների օրը գալ և նորից վերադառնալ սփյուռք։

Վարդան Մարաշլյան.- Իրականում պետք է ընդամենը 4000 մարդ, որպեսզի յուրաքանչյուր ընտրատեղամասում լինի 2-ական դիտորդ, և արդեն գրանցվել է 2200 հոգի, որի զգալի մասը տեղացիներ են` տեղացի և հայրենադարձ, սփյուռքից շատ փոքր թվով մարդիկ կան։ Այդ իմաստով` պետք չէ սա ներկայացնել որպես` սփյուռքի նախաձեռնություն, կամ թե` սփյուռքը որոշել է, որ ինքը պետք է գա ու փրկի Հայաստանը։

Տիգրան Հակոբյան.- Ամեն դեպքում, տիկին Արսինեի ուղերձներում դա կար։

Վարդան Մարաշլյան.- Տիկին Արսինեի ուղերձներն այդպես չէին։ Սկզբում, միգուցե, այդպես էին, բայց վերջում ուղերձներն ահագին փոխվել էին։ Ես համարում եմ տիկին Արսինեի, Սերժ Թանկյանի, Ատոմ Էգոյանի և մյուսների մասնակցությունը շատ կարևոր, որովհետև սա հայաստանակենտոն ինքնագիտակցության ձևավորման մի շատ կարևոր մասնիկ է։ Դու զգում ես, որ սա քո երկիրն է, սեփականության զգացողություն ունես, ուզում ես գաս, մասնակցես` որպես դիտորդ։ Վաղը կառաջանա հաջորդ հարցը` եթե դու Հայաստանի քաղաքացի ես, ապրում ես դրսում, այսօր դու, ցավոք սրտի, իրավունք չունես ընտրելու` գտնվելով Հայաստանից դուրս։ Գնիր տոմս, արի Հայաստան, քվեարկիր և օգտվիր քո իրավունքից։ Դա էլ է շատ կարևոր։ Այդ իմաստով, ես այստեղ լուրջ կոնֆլիկտ չեմ տեսնում։ Եթե մենք կարողանանք ընտրությունների օրվա ընթացքում հարցը փակել, վերջապես գրանցել ինչ-որ մի դրական հաղթանակ, հաջորդ փուլը կլինի մյուս էտապը` խոսքն ընտրակաշառքների մասին է, որ բաժանվում են ընտրություններից առաջ։ Այստեղ շատ հարցեր կան, այդ խնդիրը շատ ավելի բարդ է, այդտեղ էլ հայրենադարձները և սփյուռքահայերը մեծ ներդրումներ կարող են ունենալ, որ մեզ մոտ ավելի ճիշտ քաղաքական դաշտ ձևավորվի, ավելի հետաքրքիր քաղաքական ուժեր հանդես գան, որ իրենք ավելի լուրջ ռեսուրսներ ունենան, որ այն դիսկուրսը, որ մենք այստեղ ենք վարում, ավելի լուրջ վարվի խորհրդարանում, տարբեր հարթակներում։ Մենք եկանք եզրակացությանը, որ այն կազմակերպությունները և խմբերը, որոնց համար ներքին ստատուս-քվո պահպանելը կարևոր է, ներկա պահին այս հարցերով չեն զբաղվում։ Դասական կազմակերպություններ` Հայաստանում, սփյուռքում այս հայրենադարձության հարցով, դժվար թե զբաղվեն։ Ուրեմն, ուրիշ խնդիր կա, որ սփյուռքի 80 տոկոսն այդ կազմակերպությունների անդամ չէ` ներառյալ շատ ակտիվ և հետաքրքիր մասսան, որն ունի գիտելիք, փորձ, հետաքրքիր մոտեցումներ, բայց չի մասնակցում համայնքային կյանքին։ Հայաստանում նույնպես կան տարբեր հասարակական կազմակերպություններ և նախաձեռնություններ, որոնք նույնպես ունեն իրենց դիրքորոշումները, ուրեմն` պետք է զարգացնել դիվանագիտությունն այդ մակարդակով և բերել այն աստիճանի, որ պետությունը հասկանա, որ դա իր համար շահավետ է։ Սկզբից մենք պետք է ձևավորենք, առաջարկենք լուծումները, ձևավորենք նաև հեռանկարը`   ի՞նչ կլինի 20 տարի հետո։

Մարիա Թիթիզյան.- Ես հավատացել, հավատում և անընդհատ ասում եմ, որ մենք պետք է հայաստանակենտրոն լինենք։ Արսինե Խանջյանին և մյուսներին ոչ թե պետք է քննադատենք ու ասենք, որ ձեր արածն ընդամենը շոու է, այլ պետք է ասենք` լավ եք  արել, եկեք միասին որոշենք` ինչպես ենք անելու։ Վարդանի ասածը շատ ճիշտ է։ Ճիշտ եք, որ սկզբում Արսինե Խանջյանը և մյուները դաս տալու հոգեբանությունն ունեին, բայց հիմա արդեն զգում ես իրենց գրածներից, հայտարարություններից` ավելի շատ բան են հասկացել։ Ես Արսինեի հետ ընթրիքի էի գնացել, ասաց` «ես շատ բան չէի հասկանում, հիմա հասկացել եմ», ու ինքն արդեն մեղմացրել է իր հռետորաբանությունը։ Ես համոզված եմ, որ ընտրությունների ընթացքում ինչ լինում է` տեղամասից դուրս է լինում` ընտրություններից առաջ և հետո։ Եթե մենք իրենց օգնենք, որ պատգամը ճիշտ ձևակերպեն, որ չլեգիտիմացնեն խախտումները, ապա դրանից միայն մենք ենք շահելու։ Մենք պետք է քաջալերենք այդ մարդկանց` հասկանալով, որ մեծ ազդեցություն կարող է չունենան։ Մենք երկար պլանավորում չունենք։ Ես չեմ տեսել ոչ մեկի կողմից 5, 10 տարվա ծրագիր։ Ո՞րն  է մեր տեսլականը, մենք ժողովրդավարության մասին ենք խոսում, բայց ի՞նչ է ժողովրդավարությունը։ Ի՞նչ է նշանակում` անվտանգություն` ռուսական ԵՏՄ-ում մնա՞լն է, թե՞ Եվրոպա գնալը։ Մենք գիտե՞նք այդ հարցերի պատասխանները։

Տիգրան Հակոբյան.- Ոչ, չգիտենք, ցավոք, մեր ազգն ընդհանուր տեսլական չունի, բայց նման տեսլականները գիտահետազոտական ինստիտուտների կողմից չեն մշակվում։ Միգուցե կգա օրհասական մի պահ, որ այն ծնվի էլիտաների կողմից և ընդունվի հասարակության կողմից։ Խոսենք այդ գաղափարի բաղադրիչների մասին, որը կարող է կոնսոլիդացնել հայ ազգը, այդ տեսլականի ի՞նչ բաղադրիչներ եք Դուք տեսնում, որոնք Ձեզ համար ոչ միայն իղձ են, այլև կարող են դառնալ իրագործելի ծրագիր։

Արեգ  Գալստյան.- Կարծում եմ` պետք չէ հեծանիվ հորինել, որովհետև Սովետական Միության փլուզումից հետո այդ գաղափարը մենք ստացել ենք` դա ուժեղ և անկախ Հայաստանն է, դա Հայաստանի և նրա ինստիտուտների ամրացումն է այնպես, որ այդ պետությունը լինի նպատակաուղղված սուբյեկտ համաշխարհային քաղաքականության մեջ, գտնի իր տեղն արևի տակ և կարողանա ապահովել արժանապատիվ կյանք իր քաղաքացիների համար։ Կարծում եմ` անիմաստ է հորինել նոր գաղափարներ, փնտրել մեծ թվով գաղափարական հայեցակարգեր։

Ամերիկացիները երկար ժամանակ փնտրում էին գաղափարներ իրենց ազգի ձևավորման համար։ Բայց ոչինչ չօգնեց, մինչև իրենք չասացին` դու կարող ես լինել իռլանդացի, ֆրանսիացի, հրեա, բայց կա ամերիկյան Սահամանադրություն և կառավարություն։

Տիգրան Հակոբյան.- Եվ կա «Ամերիկյան երազանքը»։

Արեգ Գալստյան.- Այո, և կա «Ամերիկյան երազանք»։ Մենք պետք է ունենանք մեր «հայկական երազանքը»։ Մեր «հայկական երազանքը», կարծում եմ, անկախ Հայաստանն է։ Մենք երկար ժամանակ պետություն չենք ունեցել, եղել ենք տարբեր կենտրոնների տիրապետության տակ, մենք պետք  հաղթահարենք շատ հոգեբանական, գաղափարական խոչընդոտներ։ Մենք պետք է հասկանանք, որ առանց ուժեղ Հայաստանի` հայ ազգը չունի ապագա, իսկ սփյուռքն առավել ևս չունի ապագա, որովհետև սփյուռքն իրեն սփյուռք է զգում, քանի դեռ գոյություն ունի հայկական պետությունը։ Եթե չլինի հայկական պետությունը, մենք գնչուների իրավիճակում կհայտնվենք, այդ ժամանակ մենք արդեն ոչ մի ուղենիշ չենք ունենա։ Մենք դեռ ունենք այդ ուղենիշը, հետևաբար` պետք է այն ամրացնենք ու շարժվենք այդ ստրատեգիական ուղղությամբ։

Սուրեն Սարգսյան.- Իրոք, տեսլական չունենք։ Խոսեցինք մեր հայրենակիցների մասին, որ գալու են քաղաքական գործընթացների մասնակցեն` դիտորդների կարգավիճակով։ Բոլորի մղումը, ցանկությունը, նպատակը մեկն է` ունենալ հզոր հայրենիք, և ինչպե՞ս ենք հասնելու դրան, մենք չգիտենք։ Առաջնահերթությունների խնդիրն ինչո՞ւ եմ կարևորում, որովհետև մի խումբ մարդկանց համար առաջնահերթությունն իշխանափոխությունն է, մյուսի համար` արտաքին քաղաքական կոնկրետ կողմնորոշում, մյուսինը` արտաքին քաղաքական ինչ-որ կողմնորոշումից շեղվելը, մյուսինը կարող է լինել Ցեղասպանության ճանաչումը, մյուսինը` անվտանգության ապահովումը։ Եվ քանի չկա ընդհանուր տեսլական` ուր ենք մենք գնում,  ինչի համար ենք գնում և ինչ պետք է անենք, որպեսզի ունենանք հզոր, հարուստ, կայացած և զարգացած Հայաստանի Հանրապետություն, այդ տեսլականի բացակայությունը քանի կա, մենք մեծ հաջողության չենք կարող հասնել։ Իհարկե, լոկալ խնդիրներ կարող ենք լուծել, կարող ենք Ցեղասպանությունը ճանաչել 45 նահանգներում, կարող ենք Արցախի անկախությունը ճանաչել 3 նահանգում, կարող ենք մեր անվտանգությունը փոխկապակցել ինչ-որ գործոնների հետ, ինչ-որ բլոկների հետ, կարող ենք համագործակցել բոլորի հետ, բայց, միևնույն ժամանակ, համազգային գերնպատակ չկա, որին մենք այսօր ձգտում ենք։ Սա, կարծում եմ, մարտահրավեր է, որի մասին մենք պետք է մտածենք` ի՞նչ ենք մենք ուզում։ Եթե մեզ վաղը գան հարցնեն` ամբողջ ազգով ասեք` ինչ եք ուզում, մենք դա ձեզ կտանք, ի՞նչ ենք մենք պատասխանելու` իշխանափոխությո՞ւն, Արցախի ճանաչո՞ւմ, անվտանգությո՞ւն, Ցեղասպանության ճանաչո՞ւմ, փոխհատուցո՞ւմ, հողերի վերադա՞րձ։ Ի՞նչ ենք մենք պատասխանելու, մենք այդ պատասխանը չունենք։ Երբ ունենաք այդ պատասխանը, միգուցե մենք բոլորս միասին շարժվենք հենց այդ ուղղությամբ, բայց քանի դեռ դա չկա, մենք, մեծ հաշվով, շատ ոլորտներում տապալվել ենք ու շարունակում ենք տապալվել։

Աշոտ Եղիազարյան.- Իհարկե, Արսինե Խանջյանի, Ատոմ Էգոյանի, Սերժ Թանգյանի, այդ հարգարժան անձանց նախաձեռնությունը նորմալ, գովելի է, կարծում եմ` նաև հարցի լուծումը չէ, բայց ավելի լավ է ինչ-որ բան, քան ոչինչ։ Այնուամենայնիվ, դա ստեղծում է շփման եզր` էլ ավելի հասկանալու առկա խնդիրները, իսկ մեր քաղաքական համակարգի առկա խնդիրները շատ խորն են։ Խնդիրը նրանում է, որ թե՛ մեր ընտրողը, թե՛ ընտրվողն այնպիսի մոտիվացիա ունեն, որ, ըստ էության, այն չէ, որ Հայաստան պետության շահերը կարող է ներկայացնել, բավարարել և ստեղծել Հայաստանի համար շատ բարենպաստ պայմաններ թե՛ ներքին, թե՛ արտաքին զարգացման համար։ Խնդիրը քաղաքական դասի բացակայության մեջ է, և խնդիրն էլ ավելի խորն է։ Ինչ-որ իմաստով` չպետք է վախենանք ասել, որ անլուծելի խնդրի առաջ ենք կանգնած, որովհետև մեր ռեսուրսն իսկապես արմատական այս փուլում այնքան բավարար չէ, որ կարողանանք շրջադարձ կատարել, լուծել այդ խնդիրը` պետության անկախության, ինքնիշխանության։ Մեզ իսկապես աջակցություն է պետք այս ճահճային վիճակից դուրս գալու համար։

Տիգրան Հակոբյան.- Ո՞ւմ կողմից աջակցություն։

Աշոտ Եղիազարյան.- Ես չեմ ուզում սփյուռքի որևէ հատվածի հակադրել, ասել` սա լավ է, նա վատ է։ Ռուսաստանի սփյուռքի առաջացման դեպքում տնտեսական մոտիվացիան էր, որն օգտագործվում է հենց Հայաստանի դեմ։ Այդ աջակցությունը, նախևառաջ, կարելի է ակնկալել ԱՄՆ համայնքից` որպես խոշորագույն սփյուռքյան համայնք և աշխարհի ամենամեծ տերության համայնք, որը որոշակի իմաստով պետք է ներգրավված լինի մեր քաղաքական գործընթացների մեջ։ Մենք, ցավոք սրտի, այսօր դա չենք տեսնում։ Գուցե սա առաջին փորձն է, մեզ անհրաժեշտ է այդ աջակցությունը։ Ես այդքան պեսիմիստ չեմ, մեր հարցերը, այնուամենայնիվ, այնպես չէ, որ միայն մեր ձեռքում է, մեր հարցերը նաև լուծվում են մեր պոտենցիալ բարեկամների և դաշնակիցների շնորհիվ, և կլուծվեն այդ հարցերը, կլինի նաև դրական շրջադարձ, զարգացման ուղղությամբ շրջադարձ, որովհետև այդպիսին են այսօր պայմանները տարածաշրջանում և Ռուսաստանի շուրջ ստեղծված։ Ցավոք սրտի, մեր պոտենցիալն առայժմ բավարար չէ ինքնուրույն այդ հարցերը լուծելու, մեզ պետք է աջակցություն և նաև մեր սփյուռքից։

Կարեն Վարդանյան.- Ինչ վերաբերում է Սերժ Թանկյանի և մնացածի քայլին, համոզված եմ` այն ինքնուրույն քայլ չէ, համապատասխան քաղաքական ուժերը մասնակցել ենք դրան, ու, ցավոք սրտի, նրանք էլ, չիմանալով Հայաստանում իրավիճակը, ցանկանալով հայրենիքին օգնել` համաձայնել են։ Օրինակ, ես գիտեմ` ով է մեր շենքում փող բաժանում։ Այսինքն` ովքեր փող են ստանում, նրանք, հո, փողոցում չե՞ն ստանում։ Ես դա լուրջ չեմ համարում, ես համարում եմ` այդ մարդկանց` Ատոմ Էգոյանին, Սերժ Թանկյանին և մյուսներին, մի քիչ «քաշել են»։ Այսինքն` դրդել են, ասելով, թե` դուք ձեր հայրենիքին եք օգնում։ Նույնը մենք «Սասնա ծռերի» ժամանակ տեսանք, երբ դա ակնհայտ մայդանի փորձ էր, Հայաստանին վախեցնում էին մայդանով, և մենք տեսանք, որ շատ քաղաքական ուժեր հայրենասիրությունից ելնելով` եկան դրդվեցին, և այլն։ Դրա համար ես կարծում եմ` սփյուռքի առաջին գործը պետք է լինի Հայաստանում քաղաքացի դաստիարակելը։

Տիգրան Հակոբյան.- Դուք և՛ ասում եք քաղաքացի դաստիարակելը, և՛ կասկածանքով եք նայում սփյուռքահայ մշակույթի գործիչների կողմից նախաձեռնված  մի ակցիայի, որի նպատակը հենց քաղաքացի դաստիարակելն է։

Կարեն Վարդանյան.-  Ես իմ խորին համոզմունքն ունեմ, որ նման ակցիաներով քաղաքացի չի ձևավորվում։ Քաղաքացի ձևավորելը երկարատև պրոցես է։ Ես չեմ հավատում դրան։ Հաշվի առնելով միջազգային դրությունը, երբ ակնհայտ է, որ Հայաստանի քաղաքական ուժերի մեծամասնությունը նույն ուղղությամբ են գնում, անգամ կան այսօր ձևավորվող պրոամերիկյան քաղաքական ուժեր, որոնք ակնհայտ չեկիստ են…

Տիգրան Հակոբյան.- Միգուցե պիտակավորումից դո՞ւրս գանք։ Ինձ ավելի շատ հետաքրքրում է այն տեսլականը, որը մենք տեսնում ենք, որը կարող է մեզ բոլորիս միավորել, իսկ Հայաստանին չի կարող միավորել պրոռուսական կամ պրոամերիկյան կողմնորոշումը։ Դա միավորող չէ, միավորողն ուժեղ, անկախ, անվտանգ Հայաստանի տեսլականն է, բայց դա էլ շատ վերացական գաղափար է, որը բոլորն ասում են, և այդ խոսքն արժեզրկվել է։ Կատարյալ կաշառակերներից մինչև ազնվագույն քաղաքական գործիչները խոսում են մրցունակ, բարեկեցիկ Հայաստանի մասին։ Դրա համար եմ ասում` ավելի կոնկրետ տեսլականն ի՞նչ բաղադրիչներ պետք է ունենա, որը միավորի բոլորին։

Կարեն Վարդանյան.-  Գագիկ Գինոսյանի օրինակը նշեմ. մարդ, որը կռվել է, ինժեներ է և այլն, իր միսիան տեսել է հայկական պարերի վերականգնման մեջ և գնացել է դրան` առանց մտածելու, բանակցությունների, առանց այդ մանր-մունր բաների։ Այն օրը ես համերգի էի, երբ ամբողջ Հայաստանի վերջին գյուղերից երեխաներն իրար ձեռք ձեռքի բռնած պարում էին։ Նույնը Վովա Վարդանովը, ով Աֆղանստանում ծառայել է հատուկ ծառայության զորքերում, այսօր չի ծառայում, մարդը որոշել է, որ իր այդ գիտելիքը սովորեցնի երիտասարդներին, այսօր հազարավոր մարդիկ նրա մոտով անցել են, իսկ այդ հազարավոր մարդիկ մեզ փրկելու են։

Տիգրան Հակոբյան.- Այսինքն` Դուք տեսնում եք, որ մենք երգով ու պարով կարող ենք միավորվե՞լ։

Կարեն Վարդանյան.- Չէ, երգ ու պարով չէ։ Մարդիկ, որոնք որոշում են որոշակի ֆունկցիա, որը պետության մեջ բացակայում է, այդ ֆունկցիան վերցնում և անում են։ Այդ ֆունկցիան  կլինի սահմանամերձ գյուղերին օգնելը, տատիկների կտուրները փոխելը, կլինի ազգային պարի սովորեցնելը, Վովա Վարդանովի կրակել սովորեցնելը, և այլն։ Այդ բոլոր տիպի պրոցեսները, երբ մարդը տեսնում է` պետության մեջ չկա, ու ինքն անում է անձամբ ու դրա շուրջ շատ մեծ քանակությամբ զանգված է հավաքում, դա է հենց մեր պետության «կոնստրուկցիան», այդպես է կառուցվելու մեր պետությունը։

Մարիա Թիթիզյան.- Խոսում էիք «Ամերիկյան երազանքի» մասին։ Եկեք ձևակերպենք այսպիսի բառակապակցություն` ի՞նչ է «հայկական երազանքը»։ Որքան հասկացել եմ, «Ամերիկյան երազանքն» ինքնուրույնությունն է, հնարավորությունը, ինքն իրեն վստահելով` առաջ գնալը, հաջողության հասնելը։ Ամերիկան 250-300 տարվա ընթացքում դրան հասավ։ Մենք ունենք սովետական ժառանգություն, հոգեբանություն։ Ես միշտ ասել եմ` 20-րդ դարի ամենամեծ սուտն այն է, որ Սովետը փլուզվեց, Սովետը դեռ չի փլուզվել իմ սերնդի մարդկանց մոտ։ Մենք ունենք ժառանգություն, ինչի հետ պետք է հաշվի նստենք։ Ի՞նչ է «հայկական երազանքն» ինձ համար. դա պետք  է լինի հնարավորություն` վստահել  քո սեփական անձին, ընտանիքին, համայնքին։ Մոռանանք մի պահ սփյուռք-Հայաստան հարաբերությունները, խոսենք Հայաստանի մասին։ Ի՞նչ է մեր երազանքը։ Նախ մենք պետք է ձևակերպենք` այդ երազանքն ի՞նչ է, հետո դռները բացենք ու ասենք սփյուռքին` եկեք միասին կառուցենք այս երազանքը։ Բայց մենք դա դեռ չենք ասել։ Բողոքում ենք, որ մշակույթը չի զարգանում, քանի որ մշակույթի նախարարը կոռումպացված է, բողոքում ենք սփյուռքի նախարարից, ինչ-որ տեղ իրավունք ունենք…  բողոքում ենք ամեն ինչից, բայց ինքներս մեզ չենք ասում ` «լավ, իսկ ե՞ս ինչ եմ անում»։ Երբ նոր էի եկել Հայաստան, շատերն ասում էին` «շատ ակտիվիստ ես, Մարիա ջան, հերիք է, չես կարող մենակ որևէ բան փոխել», բայց շատ բան եմ փոխել, չեմ ասում` մեծ բան եմ փոխել, փոքր բան եմ փոխել, բայց չենք անում, չէ՞, սպասում ենք, որ մեկ ուրիշն անի, սպասում ենք, որ Ռուսաստանը գա, սպասում ենք, որ Ամերիկան պետք է մեզ փրկի, սպասում ենք, որ Եվրամիությունից պետք է եսիմինչեր գան… Իսկ մենք ի՞նչ ենք անում։ Ոչինչ չենք անում, սպասում ենք։ Սահմանները պաշտպանելու համար այսօր բավարար քանակով տղաներ չունենք. ի՞նչ ենք անում դրա համար։ Ապրիլյան պատերազմում մենք իրավունք ունեի՞նք 100 զոհ ունենալու.  չունեինք, և այլևս չգիտեմ էլ` ինչքան հող զիջեցինք։ Միայն բողոքելով ու կլոր սեղանների շուրջ հավաքվելով` մենք ոչինչ չենք ձևակերպի, մենք պետք է ձևակերպենք «հայկական երազանքը» մեզ համար։

Վարդան Մարաշլյան.- Մարիա Թիթիզյանը շատ կարևոր հարցեր է բարձրացրել։ Գլոբալ իմաստով կարող ենք ասել հետևյալը` մենք ունենք մի շատ կարևոր խնդիր, որը հետևյալն է` մեր ազգի մեծ մասն իրեն դիտում է` որպես հարաբերությունների օբյեկտ, ոչ թե` որպես սուբյեկտ, և մենք պետք է ամեն ինչ անենք, որ այդ տեսլականը փոխվի։ Ճիշտ է, մենք գոյատևման ռեժիմի մեջ ապրում ենք, ապրել ենք դարերով, բայց այս ռեժիմից հետո եթե մենք դուրս չգանք, մենք դատապարտված ենք այդ ռեժիմի մեջ մնալու ու հերթական վատ բաներն ապրելու։ Ինքնությունը պետք է ձևավորվի դրական էլեմենտների վրա` ոչ թե խնդիրներից խուսափելու, այլ նպատակների հասնելու։ Իմ երազանքն է, որ մարդը` ազգությամբ հայ կամ ոչ հայ, երազի գա` ապրի Հայստանում, որ հայը մնա հայ Հայաստանում և դրսում, որովհետև համարում է դա շահավետ և պատվավոր։ Իրականում ամեն մեկից շատ բան է կախված։ Ես երազում եմ` հասնենք այն օրվան, որ վերջապես մեր բառապաշարից հանենք բազմաչարչար, փոքրիկ և մնացած բառերը, որովհետև այդ բառերը ոչ մի բան, բացի մեզ վնասելուց, չեն բերելու։ Ես երազում եմ, որ մենք մի օր հասնենք այն գիտակցությանը, որ մեր խնդրի լուծումների տերը մենք ենք, և ոչ մեկը մեր փոխարեն այդ խնդիրները չի լուծելու, ուրիշի վրա հույս դնելը նույնպես կործանում է։ Դրական բաներ կան, ուղղակի պետք է այդ բոլոր դրական փոփոխությունները, որ կան Հայաստանում և սփյուռքում, դարձնենք օրինաչափություն։ Որպեսզի դա տեղի ունենա, իմ կարծիքով` զանգվածային հայրենադարձություն պետք չէ։ Եթե սփյուռքից 20-25 հազար երիտասարդներ տարեկան տեղափոխվեն Հայաստան, շատ ավելի արագ բոլոր ոլորտներում կարող են բարեփոխումներ անել։

Տիգրան Հակոբյան.- Մենք իսկապես ունենք կործանիչ բառեր, որոնք կործանում են մեր հոգեբանությունը, մեր հոգեբանությունը, էությունը, ինչ-որ բան անելու մեր պատրաստակամությունը։ Վերջերս մի գիրք կարդացի, որը կոչվում է «Ազգային խելագարությունները»։ Տարբեր օրինակներ են բերվում այն մասին, որ նորմալ ազգերը մի պահ սկսում են խելագարվել։ Շատ հաճախ մեր երկիրը բնորոշելով` որպես անտեր, անհեռանկար, աղքատ, ոչ մի բանի պետք…  այդ կործանիչ բառերն օգտագործելը դարձել է մեր ժողովրդական խելագարություններից մեկը։ Դա կապ չունի մեր տնտեսական իրավիճակի հետ, կապ չունի մեր այսօրվա շրջափակման հետ, պատերազմի հետ. դու պետք է սիրես քո հայրենիքը։ Այս երկիրը ծաղկեցնելը, անվտանգ դարձնելը և ուղեցույց լինելը մյուսներին,  կարծում եմ, բոլորիս առաքելություններից մեկն է։

ԱՆԻ ՔԵՇԻՇՅԱՆ

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ

Լուսանկարները` «168 Ժամի»

Comments (1)

Սար ու ձոր ընկած տեսլական էք փնտրում.
Նախևառաջ ավազակներին ու գանձագողերին պետք է հեռացնել ու դատել ու դատարանները մաքրել անազնիվ ծառաներից:
Անմիջապես քաղբանտարկյալներին ազատ արձակեք ու ՀԱՑԲԵՐՈՂ-ին պատվեք ու գովերգեք ու տեսլականը կգա ինքնստինքյան:
Տիգրան Հակոբյան, դու իշխանահաճո դատարկախոսությամբ ես զբաղված, ափսոս իմ ժամանակը, որ ունկնդրեցի նման անիմաստ քննարկումներ:
Հա, էդ որ ասեցիր մի քիչ բռդբթեցին Արսինեն նեղացած հիմա մուռա հանում, վերին աստիճանի ցինիկ միտք էր ու երևի հենց դա էր այս հաղորդման նպատակը:

Leave a comment