Welcome to The DEPOP Institute For Governance

«Ընտրական փոշեկուլի» ինստիտուտը, ղեկավարությանը «խաբելու» հմտությունները, «քվեների միգրացիան» ու ԱԺ-ն

Աղբյուր՝ Հետք

Ազգային ժողովում այսօր հայտարարությունների ժամի քննարկման գլխավոր թեման խորհրդարանական առաջիկա ընտրություններն էին ու քարոզարշավից առաջ «մեկնարկած» մի շարք խախտումներ:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կարծիքով՝ արդեն իսկ ակնհայտ են դառնում ռեյտինգային ընտրակարգի բացասական հետևանքները:

«Արդեն սկսվել են տարբեր տիպի  զորաշարժեր, մեկ ընտրատարածքում  չգիտեմ քանի ռեյտինգային թեկնածուներ ինչ շտաբեր են բացում… ես այս ամենը պայմանականորեն անվանում եմ «ընտրական  փոշեկուլ», որը դնում են մարդկանց հավաքագրելու համար»,- հայտարարեց  Միքայել Մելքումյանը՝ կոչ անելով քաղաքական կամք դրսևորել ու «փոշեկուլի ինստիտուտ» կիրառելու ազդեցությունը նվազագույնի հասցնել:

Գործընկերոջ մտքերը շարունակեց ԲՀԿ խմբակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը: Վերջինս հիշեցրեց  անբիծ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ իշխանության նեկայացուցիչների հայտարարություններն ու խոսեց իշխանության` այդ հայտարարություններին հակասող քայլերի մասին:

«Անբիծ ընտրության դրույթ համար մեկ. «քվեների միգրացիա» կամ «քվեների չու», ներքին տեղահանում. երբ  բնակիչներին Հայաստանի մի բնակավայրից տեղահանում ու  գրանցում են  մեկ այլ վայրում: Այն, ինչ կատարվում է այս օրերին Հայաստանի անձնագրային վարչությունում,  քվեների միգրացիա է, որն անընդունելի է: Այստեղ ընտրակեղծարարության լրջագույն մանիպուլյաիցաներ են թաքնված»,- ասաց Զոհրաբյանն ու Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող բոլոր  կազմակերպություններին կոչ արեց հետևել  Ոստիկանության անձնագրային բաժիններում կատարվող իրադարձություններին:

Պատգամավորը հիշեցրեց, որ Ոստիկանության  պաշտոնական տվյալների համաձայն՝ միայն վերջին մեկ ամսվա ընթացքում 7000 ՀՀ քաղաքացի մի վայրից տեղափխվել և գրանցվել է մեկ այլ վայրում, որը չնայած օրինական է, բայց, ըստ Զոհրաբյանի, խիստ  խնդրահարույց:

Անբիծ ընտրություն համար երկու.  Ոստիկանությունը ԿԸՀ-ին տեղեկանք է տրամադրել Հայաստանում ընտրողներ թվի վերաբերյալ, համաձայն որի՝ 2016-ի դեկտեմբերի 30-ի տվյալներով Հայաստանում ընտրական իրավունք ունեցող անձանց թիվը  2 մլն 564 հզ 334 է: Նույն ժամանակահատվածի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության տրամադրած տեղեկանքի համաձայն ՝ Հայաստանում կա 2 մլն 993 հազար մարդ: Այս և այլ տվյալների համադրությամբ ստացվում է, որ Հայաստանում ապրողների 85 %-ը 18-ից բարձր տարիքի են, իսկ Հայաստանից վերջին տարիներին արտագաղթել են միայն 1-ից 18 տարեկան անձինք»,- ասաց Զոհրաբյանը:

Հայ Ազգային Կոնգրես խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը հիշեցրեց, որ Ազգային ժողովի ընտրություններն այսուհետ Հայաստանի եզակի համապետական ընտրություններն են, առաջնային մանդատ ունեցող միակ մարմնի ընտրությունը, համապետական իշխանություն ձևավորելու առաջին ու վերջին սահմանդրական հնարավորությունը, որին պետք է վերաբերվել գերագույն պատասխանատվությամբ և լրջությամբ:

«Գիտեմ, որ հաճախ բարդ է ու դժվար, բայց որքան էլ անելանելի դրության մեջ լինեք, հորդորում եմ ոչ մի դեպքում ընտրություն չկատարել նյութական, շահադիտական, անձնական կամ այլ կախվածության շարժառիթներով»,- ասաց Ջհանգիրյանը:

Պատգամավոր Էդմոն Մարուքյանն էլ, իր խոսքով մի քանի վարժությունների միջոցով  քաղաքացիներին իրենց ղեկավարների պահանջները չկատարելու հմտություններ սովորեցրեց:

«Ենթադրենք՝ դուք «Ելք» Դաշինքի   ընտրող եք, բայց աշխատում եք որևէ մարզպետարանում, և ձեզ ասել են, որ, օրինակ, քվեարկեք Հանրապետական կուսակցության օգտին: Ասել են նաև, որ պետք է դնել ՀՀԿ-ի թերթիկը ծրարի մեջ, իսկ մնացած 8 թերթիկները դուրս  հանել՝ ապացուցելու համար, որ ընտրել եք ՀՀԿ-ին: Այս դեպքում դուք քվերակում եք «Ելք» դաշինքի ռեյտինգային թեկնածուին,  թերթիկը տեղադրում եք ծրարի մեջ, ապա  արկղից, որտեղ պիտի գցեք մյուս 8 թերթիկները, վերցնում եք «Ելք» դաշինքի մի թերթիկ, ՀՀԿ-ի թերթիկը գցում եք այդ արկղն, ու բացի Հանրապետականից մյուս բոլոր 8 թերթիկները տանում ու ցույց եք տալիս ձեր սիրելի ղեկավարությանը, որը ձեզ ճնշում  է»,- օրինակ բերեց Մարուքյանը` նշելով, որ նույն մեխանիզմը կարելի է կիրառել նաև այն դեպքում, երբ քաղաքացուց պահանջում են նկարել, որ ընտրել է ՀՀԿ-ին:

Դահլիճից որոշակի դժգոհություններ լսվեցին: «Չնայած քարոզարշավը չի սկսվել, բայց ոչինչ, ընդդիմություն են, իրենց կարելի է»,-  արձագանքեց Էդուարդ Շարմազանովը:

Leave a comment