Welcome to The DEPOP Institute For Governance

ԲՀԿ-ի նվերը՝ «Ելքին» և «Երկիր ծիրանիին»

Աղբյուր՝ 168 ժամ

«Կանխատեսվում էր, որ, եթե «Ծառուկյան» դաշինքը չկարողանա կոնցենտրացնել շատ ձայներ, չէր բացառվում, որ 5 կամ 6 կուսակցություն անցներ այդ շեմը։ Ընդհանուր առմամբ՝ երկու մինիսենսացիա կային այս ընտրություններում։ Մեկը՝ ՀՎԿ-ի անցողիկ շեմը չանցնելն էր: Դա մինիսենսացիա էր որոշ առումով: Եթե անկեղծ լինենք, շատերը կարծում էին, որ իշխանությունները կարող էին աջակցել այդ ուժին, բայց դա չեղավ:

Ըստ իս՝ իրականում իշխանությունները դրա անհրաժեշտությունը չունեին: Դա՝ այն պատճառով, որ այդ կուսակցությունն իր մանր-մունր ծառայությունների դիմաց շատ մեծ պահանջներ էր դրել: Իրենց ծառայություններն այդ գինը չունեին, որը պահանջում էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

Քաղտեխնոլոգը չի բացառում, որ վարչապետ Կարեն Կարապետյանի դեմոկրատական կեցվածքը ստիպել է արևմտամետ տրամադրվածությամբ մարդկանց մի ստվար զանգվածի քվեարկել ՀՀԿ-ի օգտին։

Անդրադառնալով Երևանի ավագանու ընտրություններին՝ բանախոսը նկատեց՝ իր համար ամենազարմանալին, թերևս, ԲՀԿ-ի չմասնակցելն էր. «Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն չէր վերադառնա, եթե չլիներ Սերժ Սարգսյանի հնարավոր հեռանալը 2018 թվականին։ Իր համար այս առումով անորոշ իրավիճակ ստեղծվեց, որը կար նաև այն ժամանակ, երբ Ռոբերտ Քոչարյանն էր հեռանում: Դիսկոմֆորտ կա իր մոտ՝ անորոշ հեռանկարների հետ կապված:

Եվ նա որոշեց թեկուզև հստակեցված խաղի կանոնների շրջանակներում իր տեղը վերահաստատել քաղաքական դաշտում, որ հնարավոր դիսկոմֆորտներից իրեն ապահովագրի։ Իսկ այժմ՝ չմասնակցելով Երևանի քաղաքապետի ընտրություններին՝ իրեն ապահովագրեց նոր հնարավոր անհարմար իրավիճակներից: Մյուս կողմից՝ ԲՀԿ-ի չմասնակցությունը նվեր է «Ելքին»: Այժմ այդ դաշինքը պետք է կարողանա լավագույնս դրսևորել իրեն՝ տեր կանգնելու բոլոր քվեներին»։

Ինչ վերաբերում է Երևանի ավագանու ընտրություններին  Զարուհի Փոստանջյանի ղեկավարած քաղաքական ուժի՝ «Երկիր ծիրանի» կուսակցության մասնակցությանը, ապա սա, Վիգեն Հակոբյանի խոսքով, կուսակցության համար յուրահատուկ շնորհանդես է. «Այդ ուժն այս կերպ է նշում իր մուտքը քաղաքական դաշտ: Եթե Զարուհի Փոստանջյանը քարոզարշավի ընթացքում ռադիկալ լուծումներով հանդես գա, շատ հնարավոր է՝ կարողանա իր կողմը գրավել ԲՀԿ-ի ընտրազանգվածին՝ սոցիալապես անապահով և բողոքական մարդկանց»։

Leave a comment